ԿԳՄՍՆ-ն պատասխանատու ընկերությունից պահանջել է Սնուփ Դոգի համերգի կազմակերպման հնարավոր ժամկետներ ներկայացնել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չի կարող հայտնել, թե երբ է տեղի ունենալու ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի համերգը։

Անդրեասյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։

«Երբ է տեղի ունենալու, չեմ կարող հայտնել, որովհետև ԿԳՄՍ նախարարությունը չի կազմակերպում համերգը, մենք ընդամենը ֆինանսավորողն ենք։ Համերգի անցկացման շուրջ բանակցությունները և կազմակերպչական աշխատանքն ամբողջությամբ իրականացնում է  կազմակերպող ընկերությունը։ Մենք նրանցից գրավոր հարցմամբ պահանջել ենք ներկայացնել համերգի հնարավոր ժամկետները, ինչպես նախատեսված էր պայմանագրով։ Սպասում ենք նրանց արձագանքին։ Մեր տեղեկություններով՝ բանակցություններ են վարվում, այս պահին որևէ այլ տեղեկություն չկա։ Ելքը կարող է երկուսը լինել՝ կամ օրը կհամաձայնեցնեն և համերգը տեղի կունենա, կամ, եթե համաձայնության չգան և համերգը տեղի չունենա, բնականաբար, ամբողջ պայմանագիրը կլուծարվի և բոլոր գումարները կվերադարձվեն»,-ասաց Անդրեասյանը։

Հանրահայտ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերին, սակայն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սկսած ռազմական ագրեսիայի պատճառով համերգը հետաձգվեց։ Հայաստանի կառավարությունը 2023 թվականի օգոստոսին Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար մոտ 6 միլիոն դոլար էր հատկացրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել