Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է, և Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 5000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է (ճանաչվել է) Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի սեպտեմբերի 12-ին հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Դատարանի վճռով շուկայական արժեքին մոտարկված՝ ընդհանուր 9 մլն 388 հազար դրամ կադաստրային արժեքով, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասին տրվել է Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Աղավնաձոր, Աղավնու աղբյուր թաղամաս 26 հասցեն:
Ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային ֆոնդի հողերի վերաբերյալ Գլխավոր դատախազության կողմից ներկայացվել է 14 քաղաքացիական հայց, որոնց շրջանակներում վիճարկվում են շուրջ 465 հազար 770 քմ մակերեսով հողամասերի աճուրդները: Հայցերից 8-ով կայացվել են վճիռներ՝ պետության օգտին. 4 վճիռ մտել է օրինական ուժի մեջ, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը՝ ընդհանուր 60 հազար 197 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: