ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկության երկրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հասցեին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի կողմից հնչել են անհարկի վիրավորանքներ և մեղադրանքներ՝ կապված վերոնշյալ հանդիպման ընթացքում մեր դարպասապահի կողմից բաց թողած 2 գնդակների դրվագների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Ֆուտբոլային հանդիպումներից հետո քննարկումներն ու քննադատությունները միշտ տեղին են և կարևոր, իսկ չհիմնավորված վիրավորանքներն ու մեղադրանքները՝ անտեղի և անընդունելի։
Օգնյեն Չանչարևիչը հավաքական հրավիրվելու առաջին օրից ինչպես իր խաղով, այնպես էլ խաղադաշտից դուրս իր մարդկային որակներով մշտապես ապացուցել է, որ առավել քան արժանի է կրելու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը, իսկ առանձին վերցրած որևէ խաղում թույլ տրված ենթադրյալ սխալները չեն կարող անհիմն մեղադրանքների պատճառ հանդիսանալ, հատկապես, որ նույն խաղի առաջին խաղակեսում մեր դարպասապահը մի քանի անգամ հուսալի խաղաց՝ փրկելով մեր թիմին:
ՀՖՖ-ն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրող ցանկացած ֆուտբոլիստի հասցեին հիմնազուրկ մեղադրանքների և վիրավորանքների արտահայտումը:
Մենք վստահ ենք, որ ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ ակումբային մակարդակում Օգնյեն Չանչարևիչը բազմիցս ուրախացնելու է հայաստանցի երկրպագուներին իր հուսալի խաղով»,-նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Հյուսիսային Մակեդոնիայի թիմից կրած պարտությունից հետո ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նա, մասնավորապես, նշել է. «Երանի նրանց, ովքեր ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղը չեն դիտել: Իրոք, երանի նրանց: Իսկ ես դիտել եմ, ես պարտավոր եմ դիտել ու չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարելի է պարտվել տասը հոգով խաղացող, չափից ավելի վատ մարզավիճակում գտնվող Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:
Ֆուտբոլն այն եզակի մարզաձեւն է, որը ազգի գոնե մի մասին այս անհասկանալի իրականությունում ուրախություն է պարգեւում: Չի կարելի այսպես վարվել: Չի կարելի դարպասը վստահել մի դարպասապահի, որը լավն է, բայց պարբերաբար ձգտում է դեպի կոպիտ սխալը: Երկու գոլն էլ իր մեղքով էր: Նա դիտավորյալ բաց թողեց այդ գոլերը:
Մինչ գոլերն էլ մի քանի փորձ արեց գոլ բաց թողնելու, բայց գնդակը դարպասին չգնաց: Չեմ կարող հասկանալ Պետրակովին, որը փոխարինեց Ռանոսին, Սեւիկյանին, Տիկնիզյանին, Սելարայանին:
Եթե նա ուզում էր տեսնել, թե ինչ է լինում թիմի հետ առանց այդ ֆուտբոլիստների, կարող էր հարցնել, կասեինք: Մի խոսքով, կրկին խայտառակ եղանք: Ոչ, պարտվելը ֆուտբոլում խայտառակություն չէ, բայց խայտառակություն է, երբ պարտվում ես ակնհայտ թույլ, վատ մարզավիճակի մեջ գտնվող թիմի, որը մի ամբողջ խաղակես խաղում է տասը հոգով:
Ոմանք կասեն, թե բա երկիրն այս ու այն վիճակի մեջ է, տարածաշրջանը եռում է, եւ այլն, եւ այլն, ինչ ֆուտբոլ այս իրավիճակում, բայց դե որ դուք չեք հասկանում, թե ֆուտբոլն ինչ է ու ինչ հզոր ուժ ունի պետության վերելքի հարցում, ապա ավելորդ ժամանակ չվատնեմ ու չբացատրեմ, իսկ ֆուտբոլի ղեկավարները պետք է գործին շատ ավելի լուրջ մոտենան: Իրոք, եթե այսպես եք խաղալու, ավելի լավ է չխաղաք»։