Պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար, սակայն չի ներկայացել զինկոմիսարիատ. դատավճիռը հրապարակվել է

Համլետ Թ.-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2011թ․ Արմավիրի զինկոմիսարիատում անցնելով զորակոչային բժշկական հանձնաժողովի ստուգումները, ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար, սակայն չունենալով այդ ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքեր, զինվորական ծառայությունից խուսափելու դիտավորությամբ, չի ներկայացել Արմավիրի զինկոմիսարիատ, դրանով իսկ խուսափել է ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայության 2013թ․ ձմեռային զորակոչից։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։

Գործը դատարան է ստացվել այս տարվա մայիսի 7-ին և մակագրվել դատավոր Մակար Կիրակոսյանին։

Վարույթի դատավարական նախապատմությունը

2014 թվականի փետրվարի 27-ին որոշում է կայացվել փաստի առթիվ հարուցել քրեական գործ։

2014 թվականի մարտի 11-ին որոշում է կայացվել Համլետ Թ․-ին որպես մեղադրյալ ներգրավվելու, մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։

2014 թվականի մարտի 12-ին Համլետ Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում՝ 2 ամիս ժամկետով։

2014 թվականի մարտի 27-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին՝ մեղադրյալի քննությունից թաքնվելու և նրա գտնվելու վայրը պարզված չլինելու հիմքով։

Հետախուզվող՝ Համլետ Թ․-ն 2024 թվականի մարտի 3-ին ժամը 06։30-ին Ստամբուլ-Երևան չվերթով կամավոր ժամանել է Զվարթնոց օդանավակայան և ներկայացել ոստիկանություն։

Որոշում է կայացրել  մեղադրյալ ՝ Համլետ Թ-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման կասեցված ժամկետը վերսկսելու մասին։

Նախնական դատալսումների ընթացքում ամբաստանյալը միջնորդել է կիրառել արագացված վարույթ: Դատարանի որոշմամբ կիրառվել է արագացված վարույթ։

Դատարանը վճռել է․

Համլետ Թ․-ին մեղավոր ճանաչել և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում՝ 1 տարի ժամկետով։

Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով:

 Համլետ Թ․-ի վրա դնել հետևյալ պարտականությունը՝
– փորձաշրջանի ընթացքում առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը։

Մեղադրյալի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա։

Համլետ Թ․ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել