ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու Մայր աթոռ սուրբ Էջմիածնի վերաօծման և մյուռոնօրհնեքի արարողությանը։ Այս մասին նա ասել է այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի մյուռոնօրհնեքի արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 17։00-ին Սուրբ Տրդատի բաց խորանում։ Վերաօծման արարողությունն էլ լինելու է սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին․ «Ես ստացել եմ հրավեր, սակայն, ցավոք, երկրում չեմ լինելու, այլ պաշտոնական այցով լինելու եմ Կանադայում։ Եթե այստեղ գտնվեի` անպայման կմասնակցեի»։
Հրավիրե՞լ են արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ նախագահն ասաց, որ տեղյակ չէ։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-30-ը պաշտոնական այցով Հայաստանից խորհրդարանական պատվիրակություն է մեկնելու Կանադա` Օտտավա։ Պատվիրակության կազմում են ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Արման Եղոյանը, Հասմիկ Հակոբյանը։