Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների քրեական գործը մոտենում է իր հանգուցալուծմանը

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 6-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատական նիստը։  Այն նախագահում է դատավոր Տիգրան Դավթյանը

Նշենք, որ բացի Անդրանիկ Փիլոյանից մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Հակոբյանին, Վիգեն Մկրտչյանին, Հրաչյա Երեմյանին, Միհրդատ Մաթևոսյանին, Արթուր Օհանյանին, Արա Յաղջյանին, Գոռ Համբարձումյանին, Արտակ Բեյբությանին, Թաթուլ Գևորգյանին, Տիգրան Գասպարյանին, Գագիկ Պողոսյանին և Վիգեն Գրիգորյանին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ամբաստանյալներ Անդրանիկ Փիլոյանը, Արթուր Օհանյանը, Վիգեն Մկրտչյանը, Աշոտ Հակոբյանը հրաժարվեցին եզրափակիչ ելույթով հանդես գալ։

Մեղադրյալ Արա Յաղջյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ ինքն ու իր պաշտպանն այս գործի շրջանակներում անհարկի չեն բացակայել, իրենց պատճառով դատական նիստերը չեն հետաձգվել։

Նա շնորհակալություն հայտնեց դատարանին՝ իր հանդեպ վստահություն ցուցաբերելու և կիրառված խափանման միջոցը գրավի դիմաց փոխարինելու համար․ «Դատարանի այս որոշման շնորհիվ ես չեմ զրկվել իմ բիզնեսգործունեության համար կարևոր գործողումների մեկնելու հնարավորությունից, իմ ընկերությունների գործունեությունն ընթացել է բնական հունով, ինչի շնորհիվ շարունակվել եմ գործել, ապահովել աշխատատեղեր, վճարել հարկեր»։

Յաղջյանը հույս հայտնեց, որ դատարանը օբյեկտիվ գնահատական կտա և կվերականգնի արդարությունը՝ վերջ դնելով գրեթե 2 տարուց ավելի իր հանդեպ «սարքված քրեական գործի  Ոդիսականին»։

Ամբաստանյալ Հրաչյա Երեմյանն իր եզրափակիչ ելույթում նշեց, որ իրեն վերագրվող հանցանքների մասին տեղեկացվել է միայն նախաքննության ընթացքում, իր և նախարար Անդրանիկ Փիլոյանի միջև երբևէ գումարի վերաբերյալ խոսակցություններ չեն եղել։

Նշեց, որ 2 տարուց ավել է՝ ԱԱԾ-ն այս գործը քննում է, որպեսզի կաշառքի դեպք բացահայտի, սակայն նման բան տեղի չի ունեցել․ «Ես էս գործում ինձ համարում եմ խաբված, սկզբից խանութում եմ խաբվել, հետո նախարարի մոտ են խաբել, որ սենց բան ա եղել, ու պնդում եմ, որ նմանատիպ անձ չեն էլ կարող գտնել, որովհետև չկա տենց մարդ»։ Ամբաստանյալը խնդրեց, որպեսզի կայացվի արդարացի դատավճիռ։

Նախորդ նիստին Աշոտ Հակոբյանի պաշտպանը միջնորդել էր նվազեցնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը։ Նշեց, որ Հակոբյանն ունի ֆինանսական ու առողջական խնդիրներ, ներկայացրեց ընտանիքի անդամների առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր։

Հաշվի առնելով առկա առողջական և ֆինանսական ծանր խնդիրները՝ միջնորդեց 10 միլիոն դրամի չափը նվազեցնել 3 միլիոնի չափով։

Անդրանիկ Փիլոյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը ևս միջնորդեց Փիլոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի՝ 15 միլիոն դրամի չափը նվազեցնել, դարձնել 10 միլիոն, և 5 միլիոն դրամի չափով գրավի համար տրված գումարը վերադարձնել վերջինիս։

Նա նշեց, որ Անդրանիկ Փիլոյանը տևական ժամանակ է՝ չի աշխատում, և նա ու ընտանիքի անդամներն այդ գումարի որոշակի անհրաժեշտություն ունեն։

Ծանոթանալով Աշոտ Հակոբյանի պաշտպանի ներկայացրած փաստաթղթերին՝ դատախազ Կորյուն Սերոբյանը հայտնեց, որ միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ դրանք բավարար չեն գրավի չափի նվազեցման համար, բժշկական փաստաթղթերով չի հիմնավորվում ֆինանսական ծանր վիճակը։

Անդրանիկ Մանուկյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ դատախազը ևս նույն դիրքորոշումը հայտնեց՝ ընդգծելով, որ քրեական վարույթի շրջանակներում ստացված տվյալները փաստում են մեղադրյալների գույքային դրության մասին․ «Դժվար է համաձայնել պաշտպանության կողմի այն դիրքորոշմանը, որ ֆինանսական ծանր վիճակից ելնելով պետք է գրավի չափը փոխվի»։

Դատարանը միջնորդությունների վերաբերյալ հանդես կա առանձին որոշմամբ։

Հաջորդ դատական նիստը՝ սեպտեմբերի 20-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել