Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով Երևան քաղաքում հաճախակի խցանումներ են առաջանում՝ անհարմարություններ պատճառելով Ձեզ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն։
«Նշված խնդրի թեթևացման նպատակով Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն իր կանոններում կատարել է հետևյալ փոփոխությունները.
- Երևան քաղաքում տեղի ունեցած ապահովագրական պատահարների գծով համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերի համար կրկնակի բարձրացվել է փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը՝ 200.000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվելով 400.000 ՀՀ դրամ,
- համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող դեպքերից տարբերվող դեպքերի համար ապահովագրական ընկերությունների վրա դրվել է պարտավորություն՝ վարորդների հետ հեռախոսային խոսակցության ժամանակ մատչելի եղանակով ներկայացնել իրենց պարտավորություններն ապահովագրական պատահարի վայրում։
Լիահույս ենք, որ կատարված փոփոխությունները կնվազեցնեն խցանումները՝ բարձրացնելով երթևեկության ընդհանուր արդյունավետությունը, ինչպես նաև բարելավելով երթևեկության հոսքը։
Վերոհիշյալ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն թվականի սեպտեմբերի 18-ին։
Մաղթում ենք Ձեզ անփորձանք երթևեկություն»,-հայտնում են բյուրոյից։