Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալել է Հայաստանի Նախագահին: ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի, պրոռեկտորների և այլ պատասխանատուների հետ Վահագն Խաչատուրյանը այցելել է բուհի գիտակրթական ու հետազոտական ստորաբաժանումներ:
Նախագահին, մասնավորապես ուղեկցել են Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ, ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոց, Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն, Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտ:
Նոր մշակումներին ու ծրագրված հետազոտությունների ծավալին ծանոթանալուց բացի, Նախագահը հետաքրքրվել է դրանց գործնական կիրառության հարցերով: Բուհի և ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև գիտագործնական աշխատանքներում ներգրավված ուսանողները ներկայացրել են իրականացվող ծրագրերն ու սպասվելիք նոր նախագծերը:
Ծավալվել է քննարկում՝ Պոլիտեխնիկի փորձը տարածելու, նաև Հայաստանի ռազմավարական նախագծերում բուհի մասնագետների հիմնավոր տեսակետները ընդգրկելու վերաբերյալ:
Ամփոփելով տպավորությունը, երկրի Նախագահը մասնավորապես ասել է.
«Կարելի է արձանագրել, որ Պոլիտեխնիկական համալսարանը ոչ միայն վերականգնում, այլև զարգացնում է այն ավանդույթները, որով հայտնի էր Պոլիտեխնիկական ինստիտուտը: Եվ դրա համար պետք է շնորհակալություն հայտնել ռեկտորին, համալսարանի ղեկավարությանը, կոլեկտիվին:
Կատարված ահռելի աշխատանքը, որի մի մասը միայն ես կարողացա տեսնել, համահունչ է այն գաղափարներին ու ծրագրերին, որոնք այսօր իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Նախագահի դիտարկմամբ, մտավոր կարողությունները պետք է զարգացնել հենց Պոլիտեխնիկի պես կրթական համալիրներում, որպեսզի լուծվեն ջրի, հանքարդյունաբերության, էներգետիկ, և ընդհանրապես, բոլոր խնդիրները, որոնք կանգնած են մարդկության առջև:
«Այս տարվա ընդունելությունը՝ նախորդի համեմատ 13 տոկոսանոց աճ, այն մասին է խոսում, որ երիտասարդները ցանկանում են ուսումը շարունակել այստեղ: Մենք պետք է կարողանանք մեր դպրոցականների, երիտասարդության մեջ սերմանել տեխնիկական գիտելիք ստանալու ցանկությունը, որովհետև այդտեղ մենք կարողունակ ենք, հաջողություններ ենք ունենում: Կառավարության քաղաքականությունը՝ արտոնություններ տալու առումով, ևս դրան է միտված: Ես վստահ եմ, որ այսպես շարունակելու դեպքում հաջողություն ունենալու ենք»,- նշել է Վահագն Խաչատուրյանը և ավելացրել` պետք է հաճախ գալ Պոլիտեխնիկ, շատ շփվել երիտասարդների հետ:
«Այս միջավայրն էլ է ոգևորիչ, որը մեզ՝ քաղաքական գործիչներին, պետական պատասխանատուներին պատասխանատվության է կոչում, որ մենք պետք է կարողանանք երկրում կայունություն ապահովել, և ամենակարևորը՝ խաղաղություն»: