Հակակոռուպցիոն քրեական դատարանում երեկ՝ սեպտեմբերի 3-ին, Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստին հարցաքննվեց երկրորդ վկան՝ «Օրենաց երկիր» կուսակցության հիմնադիրներից Աշոտ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Աղվան Հովսեփյանը 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ պաշտոններ զբաղեցնող անձանց համար, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015 թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ, իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
Iravaban.net-ի փոպանցմամբ՝ վկան ասաց, որ այս գործի շրջանակներում հարցաքննվել է առուվաճառքի գործարքին մասնակցելու, գումարի փոխանցմանը ներկա գտնվելու վերաբերյալ, այն իր հիշելով փոխանցել է Հովհաննես Մարգարյանը։
Վկան հայտնեց, որ առքուվաճառքի գործարքը կատարվել է 2013 կամ 2014 թվականներին, դատախազ Կորյուն Սերոբյան հարցին, թե ի՞նչ նպատակով էր այդ գումարը փոխանցվում, պատասխանեց՝ եթե չի սխալվում «Երևան» հեռուստաընկերության ձեռքբերման։
– Իսկ կհիշե՞ք՝ հեռուստաընկերության ձեռքբերողն ով էր։
– Չեմ կարող մտաբերել։
– Անձը, ով ցանկանում էր ընկերության միջոցով այն ձեռք բերել, ո՞ւմ էր անհրաժեշտ, ո՞վ էր գնել ընկերությունը, հիշո՞ւմ եք։
– Չեմ հիշում։
Նա ասաց, որ գումարի վերաբերյալ նախնական պայմանավորվածություններին, քննարկումներին չի մասնակցել, ներկա չի եղել։ Դատախազը հարցրեց, թե բացի Յուրայից, այլ անձ այնտեղ ներկա՞ է եղել, ասաց՝ մի հոգի էլ է եղել, անունը չի հիշում։ Նաև նշվեց, որ գումարի փոխանցման վերաբերյալ ստացական է կազմվել, վկան ևս ստորագրել է այն։
Դատախազը հետաքրքրվեց, թե ստացականը կազմելուց հետո գործարքի հետ կապված այլ գումարներ այլ անձանց փոխանցվել են, թե ոչ, վկան պատասխանեց՝ մի անգամ է միայն մասնակցել, այլ տեղեկություններ իրեն հայտնի չեն եղել։
Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հարցրեց, թե ինչով էր պայմանավորված, որ կանխավճարը տալու համար հենց ինքն է որպես վկա ներկա գտնվել, վկան պատասխանեց․ «Հովիկի հետ ենք եղել, նստել ենք իր ավտոն, ու ասեց դե լավ, մի հատ մտնենք էստեղ, մի հատ գործարք կա, համ էլ ներկա կլինես, սենց ինչ-որ մի բան․ միտումնավոր որևէ բան չի եղել»։
Պաշտպանը հարցրեց, թե որպես ընկեր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երբևէ կիսվե՞լ է՝ ինչու է ցանկանում հեռուստաընկերությունը ձեռք բերել, վկան ասաց՝ ոչ, նաև պատասխանեց, որ չի հիշում, թե գործարքի ժամանակ գումարն ինչի մեջ է փոխանցվել։
– Իսկ Դուք պարոն Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին ճանաչե՞լ եք։
– Բացարձակ։
– Լսե՞լ եք վերջինիս մասին առհասարակ։
– Ո՛չ։
– Քննիչի մոտ տված ցուցմունքը կարդացե՞լ եք։
– Կարդացել եմ։
– Եթե ինչ-որ բան սխալ լիներ, քննիչին դրա մասին կհայտնեի՞ք։
– Անպայման, այո՛։
– Ըստ գործի նյութերի, մասնավորապես սատացականի, խոսքը 100 հազար դոլարի մասին է, կհիշե՞ք՝ 100 հազար դոլարի մասին էր, թե՞ ոչ։
– Երևի էդքան էր։
– Դուք տեղյա՞կ եք՝ հետագայում գումարի մյուս մասը՝ 900 հազար դոլարը, փոխանցվե՞լ է Վարշամ Ղարիբյանին կամ որևէ այլ անձի, թե՞ ոչ։
– Չեմ կարող ասել, տեղեկություն չունեմ։
Նա նշեց, որ քննիչի մոտ հարցաքննվելիս ևս նույնն է հայտնել, ասաց, որ տեղյակ չէ ընկերության գործունեության մասին։ Դատախազն ընթերցեց ստացականի բովանդակությունը, որտեղ ևս նշվում էր 100 հազար և 900 հազար դոլարների մասին։
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հրապարակել նախաքննության ընթացքում վկա Աշոտ Թորոսյանի տված ցուցմունքը՝ հաշվի առնելով առկա էական հակասությունները։
Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը, այն հրապարակվեց։
Աշոտ Թորոսյանը նշել էր, որ «Շանթ» ռեստորանային համալիրում հանդիպել են սեփականատեր Վարշամ Ղարիբյանին, «Օրենաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի կողմից Հովհաննես Մարգարյանին փոխանցած 100 հազար դոլարն առձեռն տվել են Ղարիբյանին, ինչից հետո ձեռագիր ստացական է կազմվել գործարքի կատարման մասին։ Նշված գումարի մյուս մասը փոխանցվել է Վարշամ Ղարիբյանին և Աղվան Հովսեփյանի որդուն՝ Արմեն Հովսեփյանին։ Վկան քննիչի մոտ հարցաքննվելիս հայտնել է, որ իրենցից բացի, այլ անձինք ներկա չեն եղել։
Վկան պնդեց, որ ցուցմունքը ճիշտ է, տեղյակ չէ, թե այդ 100 հազար դոլարից ինչ-որ մի մաս փոխանցվել է արդյոք Արմեն Հովսեփյանին, թե ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարիամ Շահնազարյան