Կառավարության որոշմամբ կստեղծվեն Երերույք, Հին Խնձորեսկ, Բերդկունք ամրոց և Նորատուսի խաչքարեր պատմամշակութային արգելոցները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց, որ Հայաստանը հանդիսանալով մշակութային ժառանգության և զբոսաշրջային ներուժի տեսանկյունից բավականին մեծ պոտենացիալ ունեցող պետություն, շարունակում է պատմական, գիտական, գեղարվեստական, ազգագրական արժեք ներկայացնող և զբոսաշրջային գրավչություն ունեցող հուշարձանների տարածքները դարձնել պատմամշակութային արգելոցներ։

«Այս նախագծով առաջարկվում է ստեղծել Երերույք, Հին Խնձորեսկ, Բերդկունք ամրոց և Նորատուսի խաչքարեր պատմամշակութային արգելոցները։ Ներկայումս այս հուշարձանների տարածքում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները, և շատերը չեն այցելում այդ վայրեր՝ պարզապես այդ վայրերի մասին որևէ ինֆորմացիա չունենալու պատճառով»,-ասաց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ արգելոցների ստեղծմամբ հնարավորություն կլինի բարեկարգել տարածքները, տեղադրել տոմսային տնտեսություն, տարածքում կգործի պահակակետ, կանցակցվի լուսավորություն, կգործեն էքսկուրսավարի և գիտաշխատողի ծառայությունները։ Տվյալ շրջակա բնակավայրի բնակիչները կստանան տնտեսական գործունեության նոր միջավայրեր՝ իրացնելու իրենց արտադրանքը, մասնակցելու զբոսաշրջային ուղիների կազմակերպանը։

Քննարկելով առաջարկվող նախագիծը՝ որոշումն ընդունվեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել