Պարտադիր պահանջից հետո էլ օդը շինարարական փոշուց պաշտպանող ցանցերը պատշաճ չեն տեղադրվում․ քաղաքապետարանն արձագանքել է

Երևանի քաղաքապետարանից օգոստոսին հայտնեցին, որ մայրաքաղաքում օդի՝ փոշով աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով իրականացվում են մի շարք կանխարգելիչ միջոցառումներ:

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը նշել էր, որ օդի աղտոտվածության ցուցանիշները մայրաքաղաքում բավականին բարձր են հատկապես շինարարությունից առաջացած փոշու հետևանքով, որը վերջին տարիներին կապված շինարարության մեծ ծավալների հետ հանդիսանում է աղտոտվածության հիմնական գործոններից մեկը։

2023 թվականին Երևանի քաղաքապետարանը նախաձեռնեց փոփոխություններ, որոնցով սահմանվում են լրացուցիչ պայմաններ կառուցապատողների համար․ պարտադիր պահանջ ներդրվեց օդի աղտոտվածության մոնիթորինգի սարքերի տեղադրումը, ինչպես նաև վերջիններս պարտավոր են կառուցապատման ամբողջ ընթացքում կահավորել կառուցապատվող օբյեկտի տարածքը փոշու համար անթափանց ցանցերով։

Փոշու արտանետումը բացառող սարքերի, ավազի կույտերը ծածկող անթափանց թաղանթի բացակայության դեպքում կառուցապատող ընկերությունները կտուգանվեն:

Պարտադիր պահանջից հետո էլ շատ շենքերում ցանցերը ոչ բոլոր հարկերում են տեղադրված, որի հետևանքով շինարարությունից առաջացած փոշին շարունակում է աղտոտել օդը։

Երևանի քաղաքապետարանից Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից 01.09.2023-01.08.2024թթ. ժամանակահատվածում շինարարական հրապարակները թերի կահավորելու` փոշեկլանիչ ցանցերի և օդի մոնիթորինգի սարքավորումների բացակայության փաստերի կապակցությամբ կազմվել է ընդհանուր թվով 449 վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն․ «Նշված իրավախախտման համար վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված է 70.000-100.000 ՀՀ դրամի չափով տուգանք` ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կատարած իրավախախտման դեպքում»:

 

 

Մեկ այլ հարցմամբ տեղեկացանք, որ 2023 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2024 թ. սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ընդունվել է շուրջ 1150 վարչական տույժ նշանակելու մասին որոշում․

«Հավելենք, որ օդի որակի մշտադիտարկման սարքավորում այս պահին ունի 53 կառուցապատող ընկերություն: Այս թիվը ամեն շաբաթ աճման միտում ունի»:

Սեպտեմբերի 16-ին քաղաքապետարանից հայտնեցին, որ Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները ընդհանուր առմամբ բարձր են։ Հիմնական պատճառը՝ շինարարական փոշին և մեքենաների արտանետումներից առաջացած ազոտը․ «Քաղաքի շինհրապարակներում տեղադրեց օդում փոշու քանակը չափող սարքավորումներ։ Այսօր արդեն 108 այդպիսի սարք է տեղադրվել 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության շինհրապարաակներում։

«Ամենաբարձր աղտոտվածության ցուցանիշը Էրեբունի, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում է։ Ավանն ու Դավթաշենը ամենամաքուրն են»։

Նշվում է, որ Երևանում օդի աղտոտվածության խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլև առողջապահական: Այս ուղղությամբ համայնքի ծրագրերը շարունակական են:

Օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների հարթակը՝ այստեղ։

Հավելենք, որ ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տրամադրած տվյալների՝ սեպտեմբերի 1-ից 7-ը Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հիմնականում գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան։

  • Գյումրի քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ սեպտեմբերի 5-ին։
  • Հրազդան քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ սեպտեմբերի 1-ին և 7-ին։
  • Վանաձոր քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ սեպտեմբերի 1-ին և 6-ին։
  • Ալավերդի քաղաքում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել