Արտուր Խ.-ին մեղադրանք է առաջադրվել․ նա, հանդիսանալով զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով՝ մայոր, զորամասում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն է գործադրել ստորադասի նկատմամբ, ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում։
Գործը դատարան է ստացվել հունիսի 5-ին և մակագրվել է դատավոր Նապոլեոն Օհանյանին։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։
Դատարանը պարզել է, որ 2024 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 13.00-ից 14.00-ի սահմաններում, ամբաստանյալը, տեսնելով որ զորամասի հերթապահի օգնական, նույն զորամասի ականանետային մարտկոցի կառավարման դասակի հաշվարկող, ժամկետային զինծառայող, շարքային Ալեքսան Բ․-ն տեղում չէ, սպասել է մինչև վերջինս վերադարձել է:
Այնուհետև նրան հրամայել է վազել շարահրապարակում, ինչպես նաև ընդունել հենում պառկած դիրք, ստանալով բացասական պատասխան՝ խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով սահմանված նորմերը, իր ենթադրյալ իրավունքները վեր դասելով զինվորական բարեկրթության նորմերից՝ ստորադասի նկատմամբ ներողամտություն և զսպվածության ցուցաբերելու փոխարեն բռնություն է գործադրել շարքային Ալեքսան Բ․-ի նկատմամբ։
Բռնել է նրա համազգեստից և բարձրացրել շտաբի շենքի 2-րդ հարկի միջանցք, որտեղ Ալեքսան Բ․-ն փորձել է ազատվել, իսկ Արտուր Խ․-ն պինդ բռնել է նրա համազգեստից և թափահարել, ինչի արդյունքում Ալեքսան Բ․-ն վայր է ընկել գետնին և նրան անզգուշությամբ պատճառվել է բազմաթիվ մարմնական վնասվածնքներ, առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող։
Վերջինս ստացել է փակ զուգակցված գանգուղեղային վնասվածք, ձախ ճակատային ծոցի առաջային պատի ներհրված կոտրվածք, գլխուղեղի ցնցում, գլխի ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ակնակապճի վերին պատի կոտրվածք՝ քիչ տեղաշարժով, քթոսկրի կոտրվածք՝ քիչ տեղաշարժով, քթի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ակնակապճի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ-կապտուկ, աջ ակնակապճի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ-քերծվածքների տեսքով մարմնական վնասվածնքներ։
Արթուր Խ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
2024 թվականի մայիսի 25-ին Արտուր Խաչատրյանին ներկայացվել է մեղադրանք։
Նախնական դատալսումների ժամանակ մեղադրյալ Արտուր Խ․-ն միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված վարույթի կարգով:
Մեղադրյալը հայտարարել է, որ ներկայացված մեղադրանքը իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է պաշտպանի հետ և գիտակցում է արագացված վարույթ կիրառելու հետևանքները:
Դատարանը, բավարարել է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը և անցկացրել լրացուցիչ դատալսումներ:
Դատարանը վճռել է Արտուր Խ․-ին մեղավոր ճանաչել նախատեսված հանցանքի կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով, բայց պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել զորամասի հրամանատարության վրա, իսկ զորացրվելու դեպքում` ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: