Տղամարդը մտել է մանկապարտեզ և սկսել է հայհոյանքներ հնչեցնել երեխաների և դաստիարակների հասցեին

Դավիթ Գ․-ն խուլիգանություն կատարելու դիտավորությամբ 2024 թվականի մարտի 26-ին մուտք է գործել Երևան քաղաքի Կիևյան փողոցի 5 հասցեում գտնվող թիվ 28 մանկապարտեզ, հասարակության նկատմամբ անհարգալից և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերել, խախտել մարդկանց անդորրը, մասնավորապես սկսել է հայհոյանքներ հնչեցնել երեխաների և դաստիարակների հասցեին ու խաթարել մանկապարտեզի բնական աշխատանքը, երեխաների քունը:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել հունիսի 27-ին և մակագրվել դատավոր Էդուարդ Մկրտչյանին։

Դավիթ Գ․-ին մեղադրանք է ներկայացվել 297-րդ հոդվածի 1-ին մասի (Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով) հատկանիշներով։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել