«Միքայել Մինասյանը տիրացել է ԶՊՄԿ-ի 25 տոկոսին, ինչը թաքցնելու նպատակով գումարները փոխանցվել են Կարեն Վանեցյանի անվամբ, իսկ 12,5 բաժնեմասը՝ այլ անձանց անվամբ»․ դատախազ Սամվել Հակոբյան

Միքայել Մինասյանը հանցախմբի անդամների հետ կազմակերպել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորի կողմից «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատից շուրջ 18 միլիարդ դրամի հափշտակությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանը։

«Կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորի անվամբ գրանցված «Լեռեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ իրական արժեքից, այսինքն՝ 150 միլիոն դրամից շուրջ 150 անգամ ավել արժեքով՝ շուրջ 18 միլիարդ դրամով»,- մանրամասնել է Հակոբյանը։

18 միլիարդ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով այն շրջանառվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ առնչվող ընկերության հաշվեհամարներով, ապա փոխանցվել Մինասյանի օֆշորային կազմակերպության հաշվեհամարին։ Վերջնարդյունքում նշված գումարներից 15 միլիոն դոլարին համարժեք դրամը փոխանցվել է ՀՀ-ում գործունեություն ծավալող «Սպայկա» ընկերությանը, ինչի արդյունքում Միքայել Մինասյանը դարձել է «Սպայկա» ընկերության 48 տոկոսի բաժնետեր։

Դատախազը պնդում է՝ Մինասյանը տիրացել է նաև «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատ» 25 տոկոսին, ինչը թաքցնելու նպատակով, գումարները փոխանցվել են Կարեն Վանեցյանի անվամբ, իսկ 12,5 բաժնեմասը՝ այլ անձանց անվամբ։

Նշվում է, որ Միքայել Մինասյանը, որը 2009-2012 թվականներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, ապա՝ Վատիկանում Հայաստանի դեսպանը, օգտագործելով իր դիրքը՝ ձեռք է բերել փայաբաժիններ Հայաստանի տարածքում գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպություններում։ «Դրա արդյունքում, արդեն իսկ ունենալով հսկայածավալ ֆինանսական միջոցներ, նշված միջոցներն օգտագործել է Հայաստանի տարածքից դուրս գործունեություն իրականացնող կազմակերպությունների ձեռքբերմանը, իսկ դրանց մի մասով ձեռք է բերել խոշոր ընկերություններում մասնաբաժիններ Հայաստանում»,- մանրամասնել է Սամվել Հակոբյանը։

Հանցագործությունների կատարման հետևանքով ընդհանուր առմամբ պետությանը պատճառվել է շուրջ 350 միլիոն դոլարի չափով վնաս։

Հիշեցնենք՝ հունիսի 24-ին «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակից հայտնեցին, որ հունիսի 3-ին «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերությունը (Վոլնըրթ) արբիտրաժային հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ։

Նշվում է, որ ընկերության ներդրումը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում (ԶՊՄԿ) խաթարվել է Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով, որը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերելու․ «․․․Կառավարությունը թույլ չի տվել Վոլնըրթին իրականացնել ԶՊՄԿ-ում իր օրինական բաժնետիրական իրավունքները, ինչը հանգեցրել է առնվազն 1.2 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վնասների (փորձագիտական գնահատման արդյունքում վնասի չափը կարող է զգալի ավելանալ)»։

«Չեմ կարծում, թե Կառավարության գործունեությունում ԶՊՄԿ-ի հետ կապված որևէ խնդիր կարող է առաջանալ»,-Iravaban.net-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը՝ ավելացնելով, որ եթե դատարան են դիմել, ապա իրենց խնդիրն է, դատարանն իր որոշումը կկայացնի։

Նշենք, որ ինչպես ԱԺ իշխող խմբակցության անդամները, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկ անգամ չէ, որ ուղիղ տեքստով ասել կամ ակնարկել են, որ նշված 12,5 տոկոսը պատկանում է ՀՀ 3-րդ նախագահի փեսային, Միքայել Մինասյանին։ Նարեկ Ղահրամանյանը նշեց, որ իշխող խմբակցության դիրքորոշումը չի փոխվել, իրավական գործընթաց է ընթանում, դատախազությունն իր դիրքորոշումը հայտնել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել