Iravaban.net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել էր, որ 2023 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 18:55-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի նախակրթարանի դաստիարակը երեխային կանգնեցրել է անկյուն, որից հետո «սկոչել» է երեխայի բերանը, որի արդյունքում երեխան ուշագնաց է եղել և հայտնվել հիվանդանոցում:
Լրացուցիչ տեղեկության և մանրամասների համար Iravaban.net-ը խոսել է նախակրթարանի դաստիարակի հետ։
Ն․Ի․-ն հայտնեց, որ այդ օրն առանձնապես ոչ մի բան տեղի չի ունեցել, անգամ ծնողը տեղյակ չի եղել՝ ինչի մասին է խոսքը, նա մինչև այսօր էլ չի ցանկացել որևէ բողոք ներկայացնել դաստիարակի դեմ։
«Անգամ ասեմ ձեզ, որ 2 անգամ նիստ է տեղի ունեցել, ծնողը չի մասնակցել նիստին»,-ասաց նա։
Այս պահին էլ նա շարունակում է կատարել իր աշխատանքը, նշված երեխայի հետ հիմա որևէ խնդիր չկա։
Մեր հարցին, թե այդ դեպքում ո՞վ է հայտնել, որ երեխայի բերանը սկոչել է, ասաց՝ դրա վերաբերյալ ո՛չ ինքը, ո՛չ էլ երեխայի ծնողը տեղեկություն չունեն:
«Հարցնում եմ՝ ով ա, ասում են՝ x մարդ։ Ես դաս էի անում, դասի ժամանակ խոսեց, խոսեց, ասեցի ձայնդ կտրիր, թե չէ սրանով բերանդ կփակեմ, ես էլ դրանով գրատախտակին բան էի փակցնում։ Ուղղակի ջղայնացել եմ, ասել եմ լռիր, սարքեցին եսիմ ինչ, բայց բացարձակ նման բան չեմ արել»,-նշեց դաստիարակը։
Նրա խոսքով՝ 2 դատական նիստերին էլ մասնակցել է, հիմա երրորդ նիստը պետք է լինի հոկտեմբերին, նույնը նաև ասել է քննիչի մոտ հարցաքննվելիս․ «Տհաճ բան է ինձ համար, ուրիշ ոչինչ»։