Պարզվել են Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ համերկրացիների կողմից ավազակություն և շորթում կատարելու, առանձին դաժանությամբ նրան ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները. նախաքննությունն ավարտվել է

2024 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 20:15-ին, Երևանում բնակվող, Հնդկաստանի Հանրապետության 43-ամյա քաղաքացին հաղորդում էր տվել՝ երկու համերկրացիների կողմից իրեն կապկպելու, ծեծի ենթարկելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու, հայհոյելու, սեռական ոտնձգություն և արժանապատվությունը նվաստացնող գործողություններ կատարելու, մերկ վիճակում տեսանկարահանելու և տեսանյութը հարազատներին ուղարկելու և գումար պահանջելու, իր մոտ առկա գումարը հափշտակելու և իրեն փակի տակ պահելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 194-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են տուժողի համերկրացիները:

Կատարված քննչական գործողություններով հիմնավորվել է, որ 43-ամյա տղամարդը, իր երկու ծանոթների հետ համատեղ ժամանակավորապես բնակվելով նույն կացարանում՝ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցում գտնվող հոսթելում, 2024 թվականի հունիսի 25-ին՝ ժամը 24:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, միասին ալկոհոլ են օգտագործել, որի ընթացքում կրոնական հարցի կապակցությամբ վիճաբանություն է առաջացել նրանց միջև:

Այդ ընթացքում անհանդուրժողականության, ինչպես նաև 43-ամյա տղամարդու մոտ եղած գումարին ապօրինի տիրանալու շարժառիթներով վերջինիս ծանոթները սկսել են ձեռքերով և կոտրված աթոռի մասով հարվածներ հասցնել 43-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին, հանել են նրա հագուստը և հայտնաբերելով 500 ԱՄՆ դոլար գումար՝ հափշտակել են այն, այնուհետև կապելով նրա ձեռքերն ու ոտքերը՝ կրակայրիչով և փայտով մարմնական վնասվածքներ են հասցրել՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք:

Չսահմանափակվելով վերջինիս ծեծի ենթարկելով և նվաստացնելով, շահադիտական դրդումներով, ազգականին գումարի պահանջ ներկայացնելու նպատակով, նրան տևական ժամանակ ապօրինի զրկել են ազատությունից՝ անտեսելով 43-ամյա տղամարդու՝ իրեն ազատ արձակելու խնդրանքները, այնուհետև զանգահարել են վերջինիս ազգականին և նրան ազատ արձակելու պայմանով՝ պահանջել 500 ԱՄՆ դոլար գումար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 9-րդ կետերով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել