Փաստերի մակարդակում չի ապացուցվում, որ Վահագն Վերմիշյանը մասնակցել է «Մոսս Գռուպ»-ի կառավարմանը»․ Ալեքսանդր Կոչուբաև
Ըստ դատախազության, Վահագն Վերմիշյանն անձամբ մասնակցելով «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության կառավարմանը, մեկ այլ անձի կողմից խորհուրդներ, ցուցումներ, տեղեկատվություն և միջոցներ տրամադրելու, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության հեղինակությունը բարձրացնելու նպատակով, օգտագործելով նույն գործունեությամբ զբաղվող այլ կազմակերպությունների նկատմամբ ունեցած, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի՝ հովանավորչությունից բխող հնարավորություններն ու առավելությունները, անձամբ և իր ենթակայության տակ գտնվող աշխատողների միջոցով ապահովել է վերջինների կողմից Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ մասնագիտական քննարկումներ կազմակերպելը և դրանց մասնակցելը, նրանց մոտ «Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության կողմից առաջ քաշված տեսակետներն ու մասնագիտական կարծիքներն ընդունելի դարձնելը։
Ըստ մեղադրանքի կողմի՝ Վահագն Վերմիշյանը, ձեռնամուխ լինելով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելուն, անձամբ վերահսկել է «Մոսս Գռուպ» ՍՊԸ-ի պատվիրատու Բագրատ Խաչատրյանի նախաձեռնած շինարարական աշխատանքների նախագծերի կազմման գործընթացը։
Մեղադրանքի կողմը պնդում է՝ Վերմիշյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պետությանը պատճառել է շուրջ 1,5 միլիոն դրամի գույքային վնաս, ինչպես նաև հեղինակազրկել է պետական մարմինը, խաթարվել է Քաղաքաշինության կոմիտեի բնականոն գործունեությունը։
«Մոսս Գռուպ» ՍՊ ընկերության, առավել ևս դրա ղեկավարման հետ կապ չի ունեցել, որևէ հովանավորչություն կամ առավելություն չի տրամադրել, որևէ կառուցապատողի խորհուրդ չի տվել դիմել Նատալյա Չեռնիկովային՝ նախագծային աշխատանքներ իրականացնելու համար:
Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ևս պնդում է, որ իր պաշտպանյալը ձեռնարկատիրական գործունեության չի զբաղվել․ «Կարող էր զբաղվել, սակայն չի զբաղվել»։
Նշենք, որ առաջին ատյանի դատարանը Վահագն Վերմիշյանին մեղավոր է ճանաչել նաև այս դրվագով ու նրան ընդհանուր առմամբ դատապարտել ընդհանուր 8 տարվա ազատազրկման։
Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։
Մանրամասները՝ տեսանյութում։