Մարդիկ ջրի էներգիան արդեն 150 տարի օգտագործում են էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Նախ մարդը «ընտելացրեց» գետերը, ինչի համար 19-րդ դարի վերջին սկսեցին հիդրոէլեկտրակայաններ կառուցել, հայտնում են Հայհիդրոմետից։
«Տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ որոշ մասնագետներ իրենց ուշադրությունը հրավիրեցին անձրևի վրա, մասնավորապես՝ նրա կաթիլների էներգիայի վրա։ Ստացված էներգիայով գիտնականները ցանկանում էին սովորել, թե ինչպես «սնուցել» փոքր համակարգերը, ինչպիսիք են LED լամպերը կամ օդափոխիչները, ինչպես նաև նրա օգնությամբ բարձրացնել արևային մարտկոցների արդյունավետությունը ամպամած եղանակի դեպքում, երբ արևի լույսը նվազագույնն է:
Դալիանի տեխնոլոգիական համալսարանի չինացի ինժեներների խումբը մշակել է սարք, որը կարող է փոփոխական հոսանք առաջացնել թափվող անձրևի կաթիլներից: Գիտնականներն իրենց սարքավորումն անվանել են սուպերհիդրոֆոբ մագնիսաէլեկտրական գեներատոր և նկարագրել այն ACS Applied Materials & Interfaces ամսագրում հրապարակված հոդվածում: Ըստ էության, այս գեներատորը փոքր կաթսա է նեոդիմային մագնիսով և ջրակայուն մագնիսական թաղանթից պատրաստված կափարիչով, որը ամրացված է կոճին։ Երբ կաթիլները ընկնում են թաղանթի վրա, թաղանթը մի պահ դեֆորմացվում է՝ կոճը տեղափոխելով տարայի ներսում գտնվող մագնիսի համեմատ և ստեղծելով փոքր էլեկտրական լիցք:
50 սանտիմետր բարձրությունից իջնող անձրևի կաթիլների փորձերի ժամանակ գեներատորը ապահովել է 13 միլիամպեր էլեկտրական հոսանքի արտադրություն և կարողացել է լիցքավորել փոքր կոնդենսատորը 200 վայրկյանում, որը հետագայում «սնուցել է» LED լամպերը և օդափոխիչները: Թաղանթի հիդրոֆոբ մակերեսի շնորհիվ անձրևի կաթիլներն արագ ետ են մղվել նրանից և ընկել մի կողմ, ինչը թույլ է տվել շարժիչին աշխատել նույնիսկ հորդառատ անձրևի ժամանակ։
Ինչպես նշում է Naked Science առցանց հրատարակությունը, հետազոտողները վճռական են տրամադրված. նրանք կարծում են, որ իրենց սարքը կարող է օգտակար լինել փոքր ֆերմաների համար սեզոնային բարձր խոնավությամբ տարածքներում։ Սակայն նոր հետազոտությանը չմասնակցած այլ փորձագետներ կարծում են, որ գործընկերների սարքը թեև հետաքրքիր է, բայց ամենևին էլ գործնական չէ։ Նրանք կարծում են, որ փոքրածավալ էներգիայի արտադրության համար արևային մարտկոցները և քամու գեներատորները արդյունավետության տեսանկյունից շատ ավելի գրավիչ տեսք ունեն, և չինացի ինժեներների թիմի սարքը դժվար թե լքի լաբորատորիայի պատերը»,-նշվում է հաղորդագրության մեջ։