Չեն վերականգնվել 3 դատարանների տվյալների բազան․ Դատական դեպարտամենտի շենքում վթար է տեղի ունեցել

Ապրիլի վերջից սկսած Դատալեքս համակարգում և դատական իշխանության ամբողջ փաստաթղթաշրջանառությունն ապահովող թվային ծրագրում ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ, որի արդյունքում դատական ակտերի հրապարակայնացումը և «Դատալեքս» համակարգում տվյալների ներբեռնումն ու թարմացումը պարբերաբար հնարավոր չէր լինում կատարել:

«Դատական դեպարտամենտը և համակարգը սպասարկող «Մեյսիս» ընկերությունը փորձել են իրենց հնարավորությունների սահմաններում խնդրին ժամանակավոր լուծում տալ, և հաշվի առնելով, որ ինչպես Դատալեքսը, այնպես էլ ծրագիրը ավելի քան 15 տարվա վաղեմություն ունեն և նոր տեխնոլոգիաներով վերազինման անհրաժեշտությունն օրհասական է, սույն թվականի մայիսին խնդրի մասին տեղեկացվել է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդը՝ հարցը քննարկելու և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանի աջակցությամբ լուծումներ գտնելու համար:

Մինչ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի կողմից վերոնշյալ խնդրի վերաբերյալ վերջնական և համապարփակ որոշման կայացումը՝ սույն թվականի հունիսի 28-ին Դատական դեպարտամենտի շենքում տեղի ունեցավ վթար՝ ջրի արտահոսք, որի արդյունքում վնասվեցին համակարգերը սպասարկող սերվերները: Վթարից սերվերների նման վնասումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռևս 2017-2018 թվականներին սերվերային տարածքի նախագծումը և կառուցումը իրականացվել է թերացումներով, առնվազն` առանց անվտանգային լիարժեք կահավորման, և պատշաճ հաշվի առնված չէր կոյուղաջրի ջրագծերի տեղադրման մանրամասն սխեման:

Դատական դեպարտամենտն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել և սերվերային հանգույցի սենյակն ապահովվել է անհրաժեշտ անվտանգային կահավորմամբ: Այսօր, Դեպարտամենտի և «Մեյսիս» սպասարկող ընկերության ջանքերի արդյունքում հնարավոր է եղել վերականգնել համակարգերի «գործունակությունը», այդ թվում՝ մասնակի վերականգնվել է դատական գործերի բաշխման էլեկտրոնային ավտոմատացված համակարգը, սակայն մինչ օրս՝

· չեն վերականգնվել 3 դատարանների՝ Սնանկության դատարանի, Արագածոտնի դատարանի, Վերաքննիչ վարչական դատարանի տվյալների բազան,

· առկա է դատական գործերի էլեկտրոնային քարտերում տեղեկությունների մուտքագրման անհնարինություն,

· խափանված է դատարանների միջև դատական գործերի էլեկտրոնային քարտերի տեղեկատվության փոխանցման և ստացման ծրագիրը,

· խափանված է բոլոր դատարանների ծրագրերի սերվերներից ինֆորմացիայի՝ դեպի Դատական դեպարտամենտի Տվյալների կենտրոն տեղափոխման տրանսպորտային համակարգը, ինչի արդյունքում չի թարմացվում նաև Դատալեքսը:

Վթարի, ձեռնարկված միջոցների, ինչպես նաև ստեղծված իրավիճակի մասին կրկին տեղեկացվել է Խորհուրդը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը՝ խնդրելով գտնել լուծումներ դատական իշխանության ամբողջ փաստաթղթաշրջանառությունն ապահովող թվային ծրագրի, Դատալեքս տեղեկատվական համակարգի և գործող համակարգերի կապուղիները վերազինելու, ամբողջությամբ թարմացնելու և համակարգերի հնությամբ պայմանավորված պարբերաբար առաջացող խնդիրները վերջնականապես լուծելու համար:

Տեղեկատվական խորհրդում Գործակալությունը ներկայացրել է խնդրի լուծման իր տեսլականը և հավաստիացրել, որ երկու ամսվա ընթացքում ժամանակակից տեխնոլոգիաների և անվտանգային բարձր երաշխիքների կիրառմամբ հնարավոր կլինի ամբողջությամբ լուծել առկա խնդիրները, ինչպես նաև դատական համակարգը զերծ պահել հետագա նմանատիպ իրավիճակների առաջացումից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ խնդրի ժամանակավոր լուծման նպատակով եզրափակիչ դատական ակտերը հրապարակվում են Դատական իշխանության պաշտոնական կայքում՝ court.am-ում:

Հայցում ենք քաղաքացիների և բոլոր շահագրգիռ կառույցների ներողամտությունը խափանումների ու թերացումների համար»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել