«Այս տարի առաջին անգամ մետաղորսիչներ ենք օգտագործել։ Ե՛վ մեզ համար, և՛ դիմորդների համար դա նորություն էր»,-այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Նրա խոսքով՝ մետաղորսիչը դրական նորամուծություն էր։ Այս տարի էլ դիմորդների մի մասը փորձել է քննության մտնել հեռախոսով կամ այլ առարկաներով։
«Ունեցել ենք դիմորդներ, ովքեր մտել են վզին շղթայով, ոչինչ չէր երևում, մետաղորսիչը մոտեցնում ենք, ասում է՝ շղթայից է ձայնը։ Երբ հագուստը բարձրացրել ենք, տեսել ենք, որ bluetooth է միացրած մոտը։ Կար նաև դիմորդ, որի վզին մանյակ կար, սակայն հետագայում պարզվեց, որ հատուկ սարք էր, որով և՛ խոսում էր, և՛ ընդունում տեղեկությունը։ Ես առաջին անգամ այս տարվա քննություններին տեսա ականջի մեջ դրվող գնդիկները, որոնք նաև վտանգավոր են առողջության համար։ Դրանք մագնիսով դնում, մագնիսով հանում են։ Մեզ հայտնեցին, որ հետո գնում, բժշկի օգնությանն են դիմում այդ գնդիկները հանելու համար։
Առաջին անգամ տեսանք նաև, որ կոշիկի մեջ հեռախոսներ են դնում։ Եթե այդ մետաղորսիչները չլինեին, նման սարքեր տանելու ինչքան տարբերակներ կան»,-նշեց Կարո Նասիբյանը՝ հավելելով, որ դիմորդը նման դեպքերում անմիջապես հեռացվում է քննասենյակից ու կապ չունի՝ քննության սկզբում է հայտնաբերվել, թե վերջում։
Եղել են նաև դեպքեր, երբ սանհանգույցների աղբարկղերում են հեռախոսներ գտնվել։ Որոշ դիմորդներ նաև փորձում են իրենց տրված գնահատականների ձևաթուղթը կեղծել, այլ տվյալներ ներկայացնել ծնողներին։
«Ծնողներին ուղարկում են ԳԹԿ՝ բնօրինակը ստանալու համար, հետո ծնողը գլխիկոր հեռանում է։ Դրանք այնքան էլ հաճելի պահեր չեն մեզ համար»,-նշում է Նասիբյանը։