Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 11 տեսակի 50 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ` նվիրված Հայաստանի Հանրապետության 10 մարզերին եւ Երեւանին: Դրանք հունիսի 25-ից մտնում են շրջանառության մեջ: ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկացմամբ` մետաղադրամների դիմերեսի կենտրոնում պատկերված են յուրաքանչյուր մարզի համար պատմական խորհուրդ ունեցող կառույց, դարձերեսի կենտրոնում շրջանառու հիշատակային մետաղադրամի անվանական արժեքն է` «50 դրամ», իսկ շրջագծով` զարդանախշեր: Պատկերների ներքևում մետաղադրամների թողարկման տարեթիվն է:
Դիմերեսի էսքիզների հեղինակը Էդուարդ Կուրղինյանն է, դարձերեսինը` Կարապետ Աբրահամյանը: Շրջանառու հիշատակային մետաղադրամները հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում:
Հիսուն դրամ անվանական արժեքով հիշատակային մետաղադրամները Հայաստանի տարածքում օրինական վճարամիջոց են եւ ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքներով՝ փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց: 2003 թ-ի թողարկման Հայաստանի Հանրապետության մետաղադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների եւ շրջանառության պայմանների փոփոխության: