«Ամբողջականությունը պետական ծառայության համակարգում» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են ՀՀ պետական մարմիններում աշխատող քաղաքացիական ծառայողներ և ՀՀ դատախազության աշխատակազմի պետական ծառայողներ:
Իրականացվել է նաև Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների մրցութային գործընթացի արդիականացում և թեստերի մշակում:
ՀՀ գլխավոր դատախազի օգնական Թամարա Շաքարյանը, անդրադառնալով կազմակերպված կոնֆերանսին, նախ շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման համար, ապա հույս հայտնեց, որ այս սերտ ու արդյունավետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:
«Նշված համագործակցությունը դրվեց իրավական հիմքերի վրա դեռևս 2012թ. դեկտեմբերի 19-ին, երբ ՀՀ գլխավորդատախազությունում ստորագրվեց եռակողմ հուշագիր՝ ՀՀ գլխավոր դատախազության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի և «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպության միջև:
Կնքված հուշագրի նպատակն է նպաստել պետական ծառայողների հակակոռուպցիոն ընկալման ձևավորմանը, աջակցել պետական ծառայողների կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, մասնավորապես՝ պետական ծառայողների և քաղաքացիների փոխհարաբերությունների որակի բարձրացմանը»,- ասաց բանախոսը:
Իր խոսքում ՀՀ գլխավոր դատախազի օգնական Թամարա Շաքարյանը ընդգծեց, որ նշված վերապատրաստման ծրագրերը նպաստեցին դատախազության ծառայողների գործնական հմտությունների խորացմանը քաղաքացիների հետ շփումներում. «Անշուշտ, վերապատրաստման այս դասընթացները յուրահատուկ էին իրենց ձևաչափով, ուսուցողական՝ մատուցված նյութով, իսկ մասնակիցների կողմից ցուցաբերված ակտիվ մասնակցությունը գործնական աշխատանքների ժամանակ ևս վկայում է իրականացված ծրագրի ուսանելիև դրական արդյունքների մասին»:
Եզրափակելով ելույթը՝ դատախազի օգնական նշեց, որ կոռուպցիայի կանխարգելման միջոցների շարքում հատկապես կարևորվում է հենց բարեխիղճ հանրային ծառայության կայացումն ու զարգացումը՝ հանրային ծառայությունը որակյալ մասնագետներով համալրելու, նրանց մասնագիտական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման միջոցով. «Վստահ եմ, որ նշված համագործակցության արդյունքում իրականացվող միջոցառումները նպաստելու են մեր առջև դրված խնդիրների լուծմանը և արդյունքներն առավել շոշափելի են լինելու»:
Իրավաբան.net