Այսօր՝ նոյեմբերի 29-ին կայացած ՏՄՊՊՀ նիստում որոշում է ընդունվել տուգանք կիրառել անբարեխիղճ վարքագիծ դրսևորած գովազդատուների, ինչպես նաև՝ «ԻդեալԳազ» «Բոնիլատ» և «Nout.am» ընկերությունների նկատմամբ: Տուգանքը կկազմի յուրաքանչյուրի նախորդ տարվա հասույթի 1 տոկոսը: Ստորև՝ ՏՄՊՊՀ մամլո հաղորդագրությունը տուգանված ընկերությունների մասին:
1. Անբարեխիղճ գովազդատուները ենթարկվեցին ֆինանսական տուգանքի: Հանձնաժողովը ինչպես բողոքների հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել գովազդային շուկայում: Պարզվել է, որ մի շարք դեպքերում հեռարձակվող գովազդները հանրությանը ներկայացնում են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն և, բացի այդ, վարկաբեկում են մրցակից ընկերություններին՝ օգտագործելով այնպիսի արտահայտություններ և առավելապես գերադրական աստիճաններ, որոնց գործածությունն արգելվում է օրենքով:
Օրինախախտ ընկերություններն են` «ԲիԷյչԷս» («BHS») հագուստի խանութ-սրահը, «Լօպտիկը», «Հիքսոս»ընկերությունը՝ «Riso Scotti» ապրանքանիշով: ՏՄՊՊՀ որոշմամբ ընկերությունները պարտավորվեցին դադարեցնել գովազդների հեռարձակումը:
«ԲիԷյչԷս» խանութ-սրահը գովազդում է, որ իրենք հանդիսանում են «տարվա լավագույն միջազգային խանութը»:«Լ’Օպտիկի» գովազդում մասնավորապես ասվում է. «ակնոցների հարուստ տեսականի աշխարհահռչակ բրենդներից, որոնցից այլ սրահում դժվար թե գտնեք…»: «Riso Scotti» բրնձի իտալական որակը հաստատված է լավագույն շեֆ-խոհարարների կողմից…»: Նման բովանդակություններով գովազդներն ուղղակիորեն հակասում են օրենքին, քանի որ գովազդում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, կամ գերադրական աստիճանների անհարկի օգտագործումը համարվում է հասարակության մոլորեցում:
Լուսանկարը` https://blogs.fco.gov.uk-ի