Գործադիրը հաստատել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր (օրինակ՝ քոլեջ) իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը, որի համաձայն նման հաստատություն ընդունված սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողների ուսուցումը կկազմակերպվի նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ:
Որոշումը կարևորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քանի որ կրթության հասանելիությունը աղքատության հաղթահարման արդյունավետ բաղադրիչներից է: Վարչապետը հարցը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարությանը հանձնարարել է մամուլի միջոցով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի սովորողներին հասցնել կառավարության այս որոշման բովանդակությունը:
Նիստում հաստատվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2014-2015թթ. ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
Իրավաբան.net