Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում գույք հետ վերցնելու և նվիրաբերելու մասին որոշում կայացրեց: Խոսքը Դավիթաշեն վարչական շրրջանում Աշոտ Մանուկյանի անվան N93 միջնակարգ դպրոցի կողմից չօգտագործվող մասնաշենքի և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մասին է, որտեղ նախատեսվում է մանկապարտեզ կազմակերպել:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Դավթաշեն վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա են երեխաների մեծաթիվ հերթագրումներ։ Երևան համայնքի ենթակայության տակ գտնվող համապատասխան ֆոնդը հնարավորություն չի ընձեռում ապահովել վերոհիշյալ երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպումը։
Դավթաշեն վարչական շրջանի տվյալ տարածքում առկա նախադպրոցական տարիքի երեխաների թվով պայմանավորված, նախատեսվում է վերոհիշյալ անշարժ գույքը հիմնանորոգել և օգտագործել որպես մանկապարտեզ:
Շինության հիմնանորոգման և շահագործման հանձնելու ժամկետը նախատեսվում է 2024-2026 թվականները և այն իրականացվելու է Երևան համայնքի բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: