Միայնակ մնացած երեխաներին հիմա էլ մոր պարտապաններն են անհանգստացնում

Հոկտեմբերի 18-ին Իրավաբան.net-ն անդրադարձել էր շուրջ 8 ամիս Արարատի մարզի Նոյակերտ համայնքում տանը միայնակ իրենց գոյությունը պահպանող 5 անչափահաս երեխաներին` 3 -ամյա Նարեկին, 4- ամյա Սուսիկին, 8- ամյա Գարիկին, 10 -ամյա Գոհարին, որոնց մասին հոգ է տանում իրենց 15-ամյա քույրը` Պայծառը: Երեխաների մայրական տատիկի` Օֆիկ Մանուկյանի ներկայացմամբ երեխաների մայրը` Լիանա Մանուկյանը, 2013թ. մարտ-ապրիլ ամիսներից, երեխաներին ասելով, թե «գնում եմ կով կթելու», իր հետ վերցրել է 8 ամսական նորածնին ու 12 -ամյա Գոռին, լքել էր անչափահաս երեխաներին ու մեկնել գյուղից` Հայ փոստի աշխատակցին արգելելով նպաստի գումարն այլ անձի տալ:
Նյութի հրապարակումից հետո երեխաների մայրը` Լիաննա Մանուկյանը, Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը երեխաներին ամեն ամիս գումարով ապահովել է, ինչ- որ ասել են իր մասին, սուտ է. երեխաները միայնակ չեն մնացել և երեխաները ուրիշի օգնության կարիքը ընդհանրապես չունեն:
Լիաննա Մանուկյանը համապատասխան մարմիններին հավատացրել է, որ նոյեմբերի 15-ից յոթ երեխաներին իր խնամքի տակ է առնելու, սակայն նոյեմբերի 16-ին զանգահարել է երեխաների մորեղբոր կինը` Նարինեն, և հայտնել, որ արդեն երկու օր է, ինչ Լիաննան 4 երեխաներին թողել ու գնացել է, և նրանք կրկին աջակցության կարիք ունեն:
Այս անգամ Իրավաբան.net-ը զրուցել է երեխաներից ավագի` Պայծառի հետ, որոնց խնամում է տատիկ Օֆիկը:
Նա նշեց, որ մայրը ստել է, թե ամեն ամիս իրենց գումար է տվել: Պարզվեց, որ 5 ամիս երեխաներին միայնակ թողնելու ընթացքում երեխաների մայրը միայն հուլիսին 15.000 ՀՀ դրամ և օգոստոսին 40.000 ՀՀ դրամ էր տվել երեխաներին սնունդ գնելու համար, այնինչ Լիաննան հավատացնում էր, որ երեխաներին ամեն ամիս դրամ է հատկացրել սնունդի համար:
Երեխաների և նրանց տատիկի պնդմամբ երեխաներին այժմ էլ անհանգստացնում են նրանց մոր` Լիաննայի պարտապանները: Մասնավորապես, Արարատից ոմն Հեղինեն 15.000 ՀՀ դրամ պարտքի դիմաց անպաշտպան երեխաներից վերցրել է իրենց տան ափսեները, բաժակները` ցանկանալով նույնիսկ հեռուստացույցը վերցնել, սակայն իր հետ եկած կինը չի թողել: Այժմ, քան երբևէ այս երեխաները ուշադրության ու հոգատարության կարիք ունեն:
Մանրամասները` տեսանյութում:

Հանրային թղթակից` Տիգրան Մաթևոսյան

Իրավաբան.net   

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել