Հեծանվուղիներ Երևանում. գարնանը այն կյանքի կկոչվի

Մայրաքաղաքում նոր հեծանվուղիների ստեղծման  հեռանկարն է քննարկվել Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են ճանապարհային ոստիկանության  և քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցներ, հեծանվորդներ ու նախաձեռնող խմբի այլ անդամներ: Սամվել Մերթարջյանը նշել է, որ հաշվի առնելով հեծանվորդների պարբերական աճը մայրաքաղաքում, ինչպես նաև հեծանիվը որպես տրանսպորտի միջոց օգտագործելու հնարավորությունը, քաղաքապետարանը, հետամուտ լինելով առկա պահանջարկի բավարարմանը, առաջիկա տարիներին նոր հեծանվային արահետներ կգործարկի մայրաքաղաքում:

Քաղաքականությունը հետևյալն է ստեղծել հիմնական  երթուղիներ, որոնք հետագայում կճյուղավորվեն: Դրանցից մեկն անցյալ տարի շահագործման էր հանձնվել Վարդան Մամիկոնյանի արձանից մինչև «Օղակաձև» զբոսայգու Մոսկովյան փողոցն ընկած հատվածը: Այս համատեքստում 2014 թվականի գարնանն արդեն կնշագծվի ու համապատասխան ճանապարհային նշաններով կհագեցվի Մաշտոցի պողոտայի Մատենադարանի հատվածից մինչև Էրեբունի փողոցի «Էրեբունի» թանգարանն ընկած հատվածը:  Երթուղին կլինի և զբոսաշրջային, և տրանսպորտային: 

 Մինչ այդ աշխատանքային խումբը 10 օրվա ընթացքում տեղում ուսումնասիրություններ կկատարի`ճանապարհը հատվածաբար անցնելով ոտքով և հեծանիվներով: Այնուհետ ճանապարհային ոստիկանության հետ կհաստատվի նախագիծը`գարնանը այն կյանքի կոչելու համար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել