Ապրանքային բորսան իրավաբանական անձ հանդիսացող ձեռնարկություն է, որն առևտուրն իրականացնում է իր կողմից սահմանված կանոններով, որոշակի տեղում և ժամանակահատվածում` հրապարակային սակարկությունների ձևով:
Բորսան ստեղծվում է բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ձևով, «Ապրանքային բորսայի մասին» օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Բորսան կարող է ունենալ մասնաճյուղեր և այլ առանձնացված ստորաբաժանումներ, որոնք ստեղծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Բորսաները կարող են ստեղծել միություններ, ընկերություններ իրենց գործունեության կոորդինացման, անդամների շահերի պաշտպանության և համատեղ ծրագրերի իրականացման, այդ թվում` բորսային սակարկությունների համատեղ կազմակերպման նպատակով:
Ապրանքային բորսաների, դրանց մասնաճյուղերի և այլ առանձնացված ստորաբաժանումների գործունեության և բորսային առևտրի կազմակերպման ու կարգավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Ապրանքային բորսայի մասին օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերով, ինչպես նաև ապրանքային բորսաների հիմնադիր փաստաթղթերով:
Աշխատանքի, ֆոնդային բորսաների, ինչպես նաև մասնագիտացված և ունիվերսալ բորսաների ֆոնդային սեկցիաների, բաժինների և բաժանմունքների գործունեության հետ կապված հարաբերությունները «Ապրանքային բորսայի մասին» ՀՀ օրենքով չեն կարգավորվում: