Փոխատուն պատասխանատվություն է կրում գույքի այն թերությունների համար, որոնք նա դիտավորությամբ չի մատնանշել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելիս: Նման թերություններ հայտնաբերելիս փոխառուն իրավունք ունի փոխատուից իր ընտրությամբ պահանջել անհատույց վերացնելու գույքի թերությունները կամ հատուցելու գույքի թերությունները վերացնելու համար իր ծախսերը կամ վաղաժամկետ լուծելու պայմանագիրը և հատուցելու իր կրած վնասը:
Փոխատուն, որը ծանուցվել է փոխառուի պահանջների կամ գույքի թերությունները փոխատուի հաշվին վերացնելու նրա մտադրության մասին, կարող է այդ գույքն անհապաղ փոխարինել պատշաճ վիճակում գտնվող այլ նմանօրինակ գույքով: Փոխատուն պատասխանատվություն չի կրում գույքի այն թերությունների համար, որոնք ինքը նշել է պայմանագիրը կնքելիս, կամ որոնք նախապես հայտնի են եղել փոխառուին կամ պետք է հայտնաբերվեին փոխառուի կողմից պայմանագիրը կնքելիս կամ գույքը հանձնելիս այն զննելիս կամ դրա սարքին լինելն ստուգելիս: