Դատական նախադեպը` որպես իրավունքի աղբյուր

Դատական նասխադեպ հասկացության վերաբերյալ իրավաբանական գրականաության մեջ հնչել են տարբեր հակասական կարծիքներ: Այն` որպես իրավունքի աղբյուր, տարբեր կերպ է ընկալվում և ընդունվում ռոմանագերմանական և ընդհանուր իրավունքի իրավական համակարգերում: Պատմականորեն դատական նախադեպը ծագել է Հին Հռոմում, որտեղ դատական իրավադրույթը ճանաչվում էր որպես նորմ, եթե այն հաստատվում էր մի քանի դատական որոշումներով: Հռոմեական իրավունքում որպես նախադեպ հանդես էին գալիս պրետորների և մագիստրոսների էդիկտները (բանավոր հայտարարությունները) և որոշումները: Այն փաստը, որ դատարանները պահպանում էին իրենց իսկ կողմից ձևավորված տեսակետը, ենթադրում էր, որ հետագայում նույնպես նրանք այն կպահպանեն: Ժամանակը հանդիսանում էր դատական նորմի ներդրման հիմնավորվածության ապացույց և կայունության երաշխիք: Դրանից հետևում է, որ մի քանի դատական որոշումները կարող են ստեղծել իրավանորմ: Արդյունքում առաջացավ ՙձևավորված դատական պրակտիկա՚ հասկացությունը (settled jurisprudence, jurisprudence constant): Այս մոտեցումը տարբեր զարգացում է ապրել ռոմանագերմանական և ընդհանուր իրավական համակարգերում: Ռոմանագերմանական իրավական համակարգը աստիճանաբար հրաժարվել է ՙակտիվ կազուս՚ մոտեցումից և ընդունել է գրված օրենքի գերակայության սկզբունքը:

Ընդունելի դարձավ resjudicata սկզբունքը, համաձայն որի` դատական որոշումը հանդիսանում է պարտադիր միայն դրա կողմերի համար:

Ներկայումս ռոմանագերմանական իրավական համակարգի երկրներում նկատվում է ՙնախադեպային իրավունքի՚ ձևավորման միտում, որը ենթադրում է դատարանների կողմից ձևավորված պրակտիկայի կիրառում, որից հրաժարվելը հանգեցնում է դատական ակտի բեկանման հիմք:

Ընդհանուր իրավունքի համակարգի երկրներում դատական պրակտիկայի նկատմամբ ձևավորվել է այլ մոտեցում: Այնտեղ հաստատվել է ձևավորված դատական պրակտիկայի սկզբունքը: Ընդհանուր իրավունքի համակարգի երկրներում ընդունված է եղել այն մոտեցումը, որ դատական նախադեպը ձևավորվում է մի քանի դատական որոշումներով: Սակայն այժմ ուշադրությունն ընձեռվում է նախադեպ պարունակող մեկ դատական որոշմանը: Ճանաչված նորմն ունենում է պարտադիր բնույթ: Նախադեպային իրավունքի սկզբունքն ամրագրում է, որ դատավորները պարտավոր են հետևել վերադաս դատարանների ընդունած որոշումներին (ուղղահայաց նախադեպ): Միաժամանակ վերադաս դատարանները պարտավոր են հետևել իրենց կայացրած որոշումներին (հորիզոնական նախադեպ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել