Կեղծ փողերի իրացում Երևանում

Մալաթիա և Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է Էդգար Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Վերջինս 2013թ. մայիսի 10-ին ժամը 18-ի սահմաններում կեղծ փող իրացնելու նպատակով գնացել է Երևան քաղաքի Երևանյան 2 հասցեում գտնվող Արմինե Նահապետյանին պատկանող ծաղկի սրահ և վերջինիցս գնել ծաղկեփունջ, որի դիմաց վճարել է հարթ տպագրության եղանակով պատրաստված HB13424915A սերիա-համարի կեղծ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով մեկ հատ թղթադրամ ու հեռացել «Արմանդ» տաքսի ծառայության ավտոմեքենայով:

Բացի այդ 2013թ մայիսի 11-ին ժամը 10:30-ի սահմաններում կեղծ փող իրացնելու նպատակով գնացել է Ծ.Իսակովի 22 Ա հասցեում գտնող Անի Գրիգորյանի տուն և վերջինիցս գնել է 11 կգ գառի միս, որի դիմաց վճարել է հարթ տպագրության եղանակով պատրաստված HB78164194A սերիա-համարի կեղծ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով մեկ հատ թղթադրամ ու հեռացել «Արմանդ» տաքսի ծառայության ավտոմեքենայով:

Նախկինում չդատված 42-ամյա ամբաստանյալին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տեղեկացնենք, որ ըստ հիշյալ հոդվածի՝ կեղծ փողեր կամ արժեթղթեր իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանք իրացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ: Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել