ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող հանդես է գալու Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը հետևյալն է` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման, լճում ու նրա ջրահավաք ավազանում տնտեսական և այլ գործունեության կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը կասեցնել ձկների ձվադրման ընթացքում: «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ստեղծված Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցով ձկների ձվադրման ընթացքում կկասեցվի Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը՝ չխոչընդոտելով ջրի բնականոն հոսքին և ձկների ազատ տեղաշարժին:
Սույն օրենքի նախագծի ընդունման պարագայում կվերականգնվի ջրի հոսքը և հնարավորություն կստեղծվի ձկների ազատ տեղաշարժի համար, ինչի արդյունքում տեղի կունենա ձկների բնականոն վերարտադրություն և ձկնպաշարների ավելացում»:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն