Այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Անահիտ Մանասյանը պատասխանելով Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու վերաբերյալ հարցերին, ասաց, որ իրենք հանդիպման առաջարկ արել են, առաջարկը եղել է իրենց մեթոդաբանությամբ կոնկրետ ձևաչափով հանդիպում կազմակերպելը։
Նա նշեց, որ երբեք չի խուսափում քաղաքացիների, լրագրողների հետ հանդիպումից. «ՄԻՊ-ը քաղաքացիների հետ ընդունելության հստակ մեթոդաբանություն ունի և այդ մեթոդաբանությունը կոնկրետ սկզբունքներով է գործում։ Իմ հանրային կապերի պատասխանտուն այնտեղ է եղել, ասել է, որ այս պահին էլ ՄԻՊ-ը պատրաստ է ընդունել, այսինքն՝ հերթագրման հետ կապված խնդիր չենք ունեցել, պարզապես քաղաքացիների հետ երբևէ որևէ քննարկում կամ հաղորդակցության, որը վարում ենք, այլ քաղաքացիների ներկայությամբ չի լինում»,- ասաց ՄԻՊ-ը։
Այն հարցին, թե պետական մարմիններից հրահանգ եղե՞լ է Սրբազանի հետ չհանդիպելու, Մանասյանն ասաց. «Պետական մարմիններից ընդհանրապես հրահանգ չեմ ստանում։ Որևէ իրավիճակում, որևէ ցուցում պետական մարմիններից չեմ ստացել, ինչը շատ կարևորում եմ։ Այս խնդրի վերաբերյալ ևս որևէ տեսակի քննարկում չի եղել։ Ես ինքս եմ առաջարկել, որ մենք պատրաստ ենք հանդիպում ունենալ»։