2024թ. Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ

Երևանի «Հաղթանակ» թաղամասի 1-ին փողոցում տասնամյակներ շարունակ կոյուղատար համակարգ չի եղել: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այստեղ զրոյից նոր համակարգ է կառուցվել: Հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Այս տարի նախատեսում ենք շուրջ 15 կմ երկարության կոյուղատար ու հեղեղատար համակարգերի կառուցում և վերակառուցում»,-ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Կոյուղատար ու հեղեղատար համակարգերի անցկացման համար համայնքային բյուջեից  1 մլրդ 700 մլն դրամ գումար է հատկացված: 

Այսօր զուգահեռ շինարարություն է Նուբարաշենում և Աջափնյակի Նազարբեկյան թաղամասում: Բոլոր տեղերում հին թուջե, քայքայված խողովակները փոխարինվում են ժամանակակից նոր խողովակաշարերով, որոնք կարող են անխափան ծառայել մինչև 70 տարի:  

Կոյուղատար համակարգերի կառուցման ու վերակառուցման ընթացքում շինարարներն օգտագործում են նաև նորագույն տեխնոլոգիաները՝ քաղաքին պատճառվող վնասը նվազեցնելու համար: 

Կոյուղագծերի փոխարինումն ու նորերի կառուցումը կշարունակվի նաև առաջիկա տարիներին՝ խնդիրը հիվնովին լուծելու համար: 
Կոյուղագծերի խնդիրը միայն ենթակառուցվածքային չէ, այն նաև առողջապահական ու սոցիալական նշանակություն ունի: Այսօր համակարգերի վերակառուցման  ավելի փոքր ծավալներով աշխատանքներ են տարվում նաև վարչական շրջանների ուժերով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել