Գրավոր ապացույցները վարչական դատավարությունում

Վարչական դատավարությունում գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող իրավական ակտերը, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութեր, փաստաթղթեր:

Գրավոր ապացույցներ են համարվում նաև էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութերը, եթե առկա է հաղորդակցության իսկությունն ապացուցելու հնարավորություն:

Գրավոր ապացույցները ներկայացվում են բնօրինակով կամ պատճենի ձևով: Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է պատճենի ձևով գրավոր ապացույց ներկայացրած գործին մասնակցող անձից պահանջել ներկայացնելու պատշաճ վավերացված պատճենը: Պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից:

Էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութը ներկայացվում է թղթի վրա տպված վիճակում:

Եթե քննվող գործին վերաբերում է փաստաթղթի միայն մեկ մասը, ապա կարող է ներկայացվել դրա քաղվածքը: Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է քաղվածքը որպես գրավոր ապացույց ներկայացրած գործին մասնակցող անձից պահանջել ներկայացնելու ամբողջական փաստաթուղթը: Ամբողջական փաստաթուղթը չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից:

Փաստաթղթերի բնօրինակները պարտադիր ներկայացվում են այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքներին կամ նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով: Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է բնօրինակը չներկայացնելու դեպքում հանել տվյալ ապացույցը հետազոտման ենթակա ապացույցների շարքից:

Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է օտարալեզու գրավոր ապացույց ներկայացրած գործին մասնակցող անձից պահանջել գրավոր ապացույցը ներկայացնելու օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ: Նման թարգմանությունը չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից:

Դատարանը վերադարձնում է գործում գտնվող փաստաթղթերի բնօրինակները դրանք ներկայացրած անձանց միջնորդությամբ, եթե դատարանը համարում է, որ դրանք դատաքննության համար այլևս անհրաժեշտ չեն: Այս դեպքում գործին կցվում է փաստաթղթի բնօրինակի` դատարանի կնիքով վավերացված պատճենը կամ քաղվածքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել