Գրավատուն իրավունք ունի օգտվելու գրավի առարկայից՝ դրա նշանակությանը համապատասխան, այդ թվում` դրանից ստանալու պտուղներ և եկամուտներ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Գրավատուն իրավունք ունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության կամ անհատույց օգտագործման, կամ տնօրինելու այլ կերպ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Գրավ դրված գույքը կտակելու գրավատուի իրավունքը սահմանափակող համաձայնությունն առ ոչինչ է:
Եթե գրավի առարկան տրամադրվում է վարձակալության, անհատույց օգտագործման կամ ծանրաբեռնվում է այլ գույքային իրավունքով (բացառությամբ հարկադիր սերվիտուտի), ապա գրավի առարկայի իրացման դեպքում այդ իրավունքները դադարում են օրենքով սահմանված կարգով և հիմքերով:
Մինչև գույքը գրավադրվելը սահմանված բոլոր գույքային իրավունքները պահպանվում են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Գրավատուն իրավունք ունի հողամասը տրամադրելու կառուցապատման իրավունքով միայն գրավառուի համաձայնությամբ:
Գրավառուն իրավունք ունի օգտվելու իրեն հանձնված գրավի առարկայից միայն պայմանագրով նախատեսված դեպքերում` գրավատուի պահանջով հաշվետվություն ներկայացնելով դրա օգտագործման մասին: Գրավառուի վրա պայմանագրով կարող է դրվել հիփոթեքի առարկայից պտուղներ և եկամուտներ քաղելու պարտականություն` հիմնական պարտավորությունը մարելու նպատակով կամ ի շահ գրավատուի: