ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք:
Ինչպես ՀՀ Սահմանադրությունը, այնպես էլ ՄԻԵԿ-ը հստակ սահմանել է, որ անձին թույլատրվում է ազատությունից զիկել բացառապես`
ա) հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան դատարան ներկայացնելու նպատակով:
բ) այն դեպքերում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար:
«Հիմնավոր կասկածը» ենթադրվում է փաստերի կամ տեղեկատվության առկայություն, որոնք օբյեկտիվ դիտորդին կհամոզեն, որ հնարավոր է, որ համապատասխան անձը կատարած լինի իրավախախտում:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր 09.09.2005թ. թիվ ՎԲ -2008/05 որոշմամբ նշել է. «Կասկածը հիմնավորված կհամարվի միայն ենթադրվող հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող հիմնավոր փաստերի ու տեղեկությունների առկայության դեպքում:
Այսինքն, պետք է լինեն համապատասխան ապացույցներ և հիմքեր, որ կասկածվող անձի կատարած գործողություններն ուղղակիորեն մատնանշում են վերջինիս առնչությունը կատարած հանցագործությունը»:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի և Եվրոպական դատարանի նախադեպերից բխում է, որ ազգային դատական մարմինները պարտավոր են հաշվի առնել բոլոր հանգմանքները, որոնք անհրաժեշտ են պարզելու համար` կա արդյոք հասարակական շահ, համապատասխան կամ բավարար պատճառ, որը, հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, արդարացնում է նահանջը անձի ազատության իրավունքի հարգանքից:
Վարութն իրականացնող մարմինը կալանքը` որպես խափանման միջոց, ընտրելու մասին միջնորդությանը պետք է կցի միջնորդությունը հինավորող փաստեր:
Գործով ճշմարտությունը բացահայտելու ընթացքում միջնորդության վտանգի հնարավորությունը չպետք է ընդունել վերացականորեն, պետք է գոյություն ունենան դա հաստատող կոնկրետ փաստացի հանգամանքներ, որ ազատազրկված անձը կարող է օգտվել դրանից/Տրզասկանը ընդդեմ Լեհաստանի գործ/:
Պետք է հիմնավորված ռիսկ լինի, որ մեղադրյալն ազատ անձակվելու դեպքում կձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կխոչընդոտեն արդարադատության իրականացմանը/Վեմհոֆենը ընդդեմ Գերմանիայի գործ/:
Քննությունից թաքնվելու վտանգը չի կարող պայմանավորված լինել հնարավոր պատժի ծանրությամբ /Վ-ն ընդդեմ Շվեցարիայի գործը/:
Անգամ այնպիսի ծանր հանցագործությունների պարագայում, ինչպիսին օրինակ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունն է, մինչև կալանքի թույլտվություն տալը, անպայման պետք է ուսումնասիրել մեղադրյալի անձը և այն հանգամանքները, որոնցում նա գտնվում է /Քլոսը ընդդեմ Բելգիայի գործը /:
Եվրոպական դատարանը, բազմիցս անդրադառնալով կալանավորման օրինականության և հիմնավորվածության հարցին, նշել է`դատական իշխանություն իրականացնող այն պաշտոնյան, ում առջև ներկայացվել է ձերբակալված անձը, պարտավոր է քննության առնել կալանավորման կողմ և դեմ վկայող բոլոր հանգամանքները, իրավական չափանիշների վրա հղում կատարելով, որոշել, թե արդյոք տվյալ դեպքում առկա են կալանավորումը արդարացնող հանգամանքներլ:
Եվրոպական դատարանը Դեմիրելն ընդդեմ Թուրքիայի գործով ուղղակիորեն նշել է, որ այն դեպքերում, երբ ներպետական դատարանների կողմից ներկայացված պատճառաբանությունները համարժեք և հիմնավոր չեն, կամ դատարանները օգտագործում են տիպական, ընդհանրացված պատճառաբանությունները, ապա առկա է կոնվենցիայի 5 –րդ հոդվածի խախտում:
Արա Ղարագյոզյան