Դատապարտյալին, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքի, կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում անձնական բացառիկ հանգամանքների առկայության դեպքում:
Իսկ որո՞նք են այդ հանգամանքները:
Նշված հանգամանքներն են` մերձավոր ազգականի մահը կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդությունը, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, ինչպես նաև սոցիալական վերականգնման նպատակով:
Հաշմանդամ կամ ուղղիչ հիմնարկին կից մանկատանը երեխա ունեցող դատապարտյալին կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում՝ երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով:
Կարճաժամկետ մեկնում տրամադրվում է մինչև յոթ օր տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը:
Սոցիալական վերականգնման նպատակով բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել մինչև մեկ ամիս տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը:
Կիսաբաց, կիսափակ կամ փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է տարվա ընթացքում երկու անգամից ոչ ավելի:
Մեղսունակությունը չբացառող հոգեկան հիվանդությամբ տառապող կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ դատապարտյալին, որը առողջության պատճառով անընդհատ խնամքի կարիք ունի, ինչպես նաև անչափահաս դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է միայն ազգականի կամ այլ անձի ուղեկցությամբ:
Բացիլազատ պալարախտով հիվանդ, ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից և սեռական ճանապարհով փոխանցվող և շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ վարակիչ ու մակաբուծային հիվանդություններից բուժման ամբողջ կուրսը չանցած, մարդու իմունային անբավարարության վարակով վարակակիր դատապարտյալին, ինչպես նաև ուղղիչ հիմնարկում հակահամաճարակային միջոցառում անցկացնելու ընթացքում կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել, եթե բժշկի, հոգեբույժի կամ համապատասխան մասնագետի եզրակացությամբ նա հասարակության կամ իր համար վտանգ չի ներկայացնում, կամ նման վտանգը վերացվում է նրան ուղեկցելու միջոցով, ինչը պետք է փոխհատուցի դատապարտյալը:
Բացասական բնութագրվող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է միայն ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների ուղեկցությամբ:
Կարճաժամկետ մեկնում տրամադրվելու դեպքում դատապարտյալը կարող է կրել իր առօրյա կամ այլ հագուստ: