«Մենք հարկերը վճարում ենք, որ դուք պարգևավճար ստանաք»․ Բագրատ Սրբազանը պատասխանեց Ալեն Սիմոնյանին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ մայիսի 21-ին, հայտարարել էր, որ եկել է ժամանակը՝ հասկանան, թե ՀՀ-ում գործող հարկային պարտավորությունները եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Կաթողիկե Սբ․ Աստվածածին և Սբ․ Աննա եկեղեցու բակում օրվա ամփոփման ժամանակ անդրադարձավ ԱԺ նախագահի հայտարարությանը։

«ԱԺ խոսնակն, ով իրեն նախագահ է հռչակել, ասյօր հարկ է համարել ասելու, որ պիտի եկեղեցին հարկվի։ Եկեղեցին բոլոր հարկերը վճարում է, բացի ծիսական ապրանքների հետ կապված հարկերը, որոնք օրենքով են սահմանված։ Ժամանակին, երբ Խորհրդային միության փլուզումից հետո այս հարաբերությունների կարգավորման խնդիրներն առաջացան՝ եկեղեցի-կառավարություն, եկեղեցին Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ այդ բոլոր ռեպրեսիաների դիմաց, որ կրել էր սովետական ժամանակ, իրավունք ուներ պետությունից ստանալ բոլոր այն կորուստները, որոնք կրել էր, գույքի տեսքով, նյութական այլ արժեքների տեսքով և ընդհանրապես իրավունքի տեսքով։ Մի շարք հետխորհրդային երկրներում պետությունը մինչև հիմա վճարում է եկեղեցուն՝ ի հատուցումն Խորհրդային ժամանակներում կրած կորուստների։ Միակ եկեղեցին հայ եկեղեցին է, որ մի լումա անգամ չի ստացել իր իսկ ցանկությամբ, որպեսզի պետությանը վնաս չհասցնի»,-ասաց նա։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ հիմա փետուրով մարդիկ վեր են կացել և ասում են, որ պետք է եկեղեցին հարկվի։

«Դարձյալ պետք է գնան Վեհափառ Հայրապետի դեմ ծնկի գան, որ այդ գործունեությունը թույլ չի տալիս իրականացնի, հատուցման պահանջը կդրվի այս մարդկանց առջև։ Հայ եկեղեցու գույքը, հոգևոր մշակութային արժեքները, եկեղեցիները պետք է վերադարձվեն եկեղեցուն և այն տեսքով, ինչ տեսքով իրենք բռնագրավել են։ Կինոմոսկվայի տարածքը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին է, որ սովետական շրջանում հողին են հավսարեցրել, այս Կաթողիկե եկեղեցու կեսիվ ավելին չկա։ Մեկը խաղատուն, մեկը գինետուն են դարձրել։ Պետք է հետ վերադարձնեն։ Հարկելու մասով ոչ մեկին չեք զարմացնի։ Մենք հարկերը վճարում ենք, որ դուք պարգևավճար ստանաք, որ դուք գնաք միլաններում, հունաստաններում ազատ, հանգիստ ման գաք, գնաք ահաբեկեք Ոսկեպարի ժողովրդին, Կիրանցի ժողովրդին, Բաղանիսի ժողովրդին, որ դուք Արցախ հանձնեք, որ բանակը վերածեք չգիտեմ ինչի, կացարանն այրվի՝ տղաները մեջը, դրա համար ենք հարկ վճարում, որ ձեր մարմինները մեծանան։ Ինչքան սրանց մարմինները մեծանում են, մեր հայրենիքը փոքրանում է, դրանց կերպարներին նայեք, նույնիսկ ամոթ էլ է, որ ես ասեմ դրա մասին։ Մեր հարկերով եք սնվել մարդու որդիներ»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել