ՊԵԿ-ի պարզաբանումը «Միջադեպ Բագրատաշենի անցակետում» վերնագրով հրապարակման վերաբերյալ

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել՝ նշելով․

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել Aravot.am կայքի «Միջադեպ Բագրատաշենի անցակետում» վերնագրով հրապարակումը: Նախքան հոդվածում ներկայացված դեպքի մանրամասն նկարագրությունը, Կոմիտեն հարկ է համարում ընդգծել, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն՝ քաղաքացիներին առաջարկվել է անձնական օգտագործման ապրանքների շարքին չդասվող ապրանքները հայտարարագրել, սակայն տրանսպորտային միջոցի վարորդը չի ենթարկվել մաքսային ծառայողի օրինական պահանջին և մեքենան ապրանքների հետ միասին դուրս է բերել մաքսային հսկողության տարածքից:
Անցնելով դեպքի մանրամասն նկարագրությանը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիսի 11-ին, ժամը 07։18-ի սահմաններում, պետական սահմանի «Բագրատաշեն» սահմանային անցման կետ է ժամանել «CHRYSLER 300» մակնիշի թեթև մարդատար տրանսպորտային միջոցը, որի վարորդն էր ՀՀ քաղաքացի Ա.Գ-ն։

Տրանսպորտային միջոցի ընթացիկ մաքսային հսկողություն ընթացքում պարզվել է, որ առկա են տարբեր տեսակի ապրանքներ և տրանսպորտային միջոցը` հետագա զննության նպատակով ուղարկվել է մանրամասն զննման համար նախատեսված տարածք, որի շրջանակում վարորդը տրամադրել է տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը։ Այդ ընթացքում, ուղևորների համար նախատեսված սրահով ժամանել է նաև տվյալ տրանսպորտային միջոցի ուղևոր ՀՀ քաղաքացի Մ.Ա-ն` իր ուղեկցվող ուղեբեռով և մաքսային ծառայողի հարցին, արդյո՞ք վերջինս ունի հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացի Մ.Ա-ն տվել է դրական պատասխան։ Այնուհետև, մաքսային տեսուչը նրան նույնպես ուղեկցել է մանրամասն զննման համար նախատեսված տարածք։

Զննման արդյունքում, հիմք ընդունելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 256-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները և ելնելով նշված քաղաքացիների ապրանքների ներմուծման հաճախականությունից, քանակից և բնույթից, տեղափոխված ապրանքները չեն դասվել անձնական օգտագործման ապրանքների շարքին և, հետևաբար, ՀՀ քաղաքացիներ Մ.Ա-ին և Ա.Գ-ին մաքսային ծառայողների կողմից առաջարկվել է օրենդրությամբ սահմանված կարգով ապրանքները հայտարարագրել (կատարելով համապատասխան վճարումները) կամ հանձնել մաքսային մարմինների ժամանակավոր պահպանմանը` հետագայում այն հայտարարագրելու նպատակով։

Փոխարենը` նշված քաղաքացիները ապրանքները տեղափոխել են մեքենայի մեջ և այն վարել դեպի մաքսային հսկողության գոտուց դուրս գալու հատված, որտեղ մաքսային ծառայողը քաղաքացիներին առաջարկել է մեքենան վերադարձնել մաքսային հսկողության գոտի և կատարել մաքսային մարմնի օրինական պահանջը։ Վարորդը, չենթարկվելով մաքսային ծառայողի օրինական պահանջին, մեքենան ապրանքների հետ միասին, դուրս է բերել մաքսային հսկողության տարածքից։

*Փաստի առթիվ մաքսային մարմինների կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 302-րդ և 307-րդ հոդվածի հատկանիշներով, որի շրջանակում մաքսային մարմնի մոտ առկա փաստաթուղթը (հաշվառման վկայագիրը) պահվել է` կազմվելով համապատասխան արձանագրություն։

Այնուհետև, հաջորդ օրը, քաղաքացի՝ Մ.Ա-ն ներկայացել է սահմանային անցման կետ, պահանջելով տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը: Քաղաքացուն բացատրվել է, որ հաշվառման վկայագիրը վերցված է վարչական վարույթի շրջանակում և այն կտրամադրվի սեփականատիրոջը կամ լիազորված անձին՝ դիմումի հիման վրա։

Ընդ որում, նշված քաղաքացիների գրավոր համաձայնության դեպքում, Կոմիտեն պատրաստակամ է հրապարակել նաև նրանց կողմից ապրանքների ներմուծման հաճախականությունը, բնույթը և քանակը, որի դեպքում` յուրաքանչյուրին պարզ կդառնա վերոնշյալ քաղաքացիների նկատմամբ մաքսային մարմնի կատարած գործողությունների իրավաչափությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել