ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
«Հանրապետության Հրապարակի հանրահավաքի ելույթներն եմ լսում:
Ուրեմն դիվանագետների ինչ-որ խմբի անունից հարթակից խոսում են մարդիկ, ովքեր 2021 թվականի մայիսին Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական այդ կարևորագույն խրամատից` առանց ղեկավարության թողնելով Արտաքին գործերի նախարարությունը, երբ կառավարությունը հրաժարական տված վիճակում էր և բոլորը ժամանակավոր պաշտոնակատար էին և նույնիսկ նոր նախարար հնարավոր չէր նշանակել:
Հիշեցնեմ, ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիայից հետո միաժամանակ հրաժարական էին ներկայացրել Արտաքին գործերի նախարարի ժպ Արա Այվազյանը, ով ըստ էության նախարար էլ չէր, այլ նախարարության մի խումբ պաշտոնյաների կամակատար, և գրեթե բոլոր տեղակալները` ըստ էության մերկացնելով ՀՀ արտաքին ճակատը: Եվ հիմա այս մարդիկ առանց ամոթի ինչ-որ պլաններ են ներկայացնում, ինչ-որ լուծումներ առաջարկում:
Մնայիք ու լուծեիք այդ բոլոր հարցերը, թե՞ այն առաջարկները որ արվում էին Անվտանգության խորհրդի նիստերին և որոնք պետք է բարձրացնեին ՀՀ սահմանների անվտանգությունը, հաճո չէին ձեր ներքին և արտաքին պատվիրատուներին»,- նշել է Թորոսյանը։