Ի՞նչ կարգով է ՀՀ նախագահը ներում շնորհում դատապարտյալներին

Հայաստանի Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն քննության է առնում դատապարտյալների ներման խնդրագրերը և ներում շնորհելով՝

ա) լրիվ կամ մասնակիորեն ազատում է հիմնական կամ լրացուցիչ պատիժը կրելուց.
բ) պատժի չկրած մասը փոխարինում է ավելի մեղմ պատժատեսակով.
գ) պատիժը կրած անձանց լրիվ կամ մասնակիորեն ազատում է պետության օգտին դատավճիռներով գանձվող նյութական վնասի հետագա հատուցումից.
դ) վերացնում է դատվածությունը։

Ներման խնդրագրերը քննարկվում են միայն դատավճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իսկ նյութական վնասի հետագա հատուցումից ազատելու վերաբերյալ խնդրագրերը՝ հիմնական պատիժը կրելուց հետո։

Ներման խնդրագրերը քննարկելիս հաշվի են առնվում կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դատապարտյալի անձը, պատիժը կրելու վայրում նրա վարքը, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը, պատժի կրած ժամկետը, առողջական վիճակը, ընտանիքի սոցիալական վիճակը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ։

Այն անձանց, որոնց նախկինում ներում է շնորհվել կամ որոնց նկատմամբ նախկինում կիրառվել է համաներում կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով, եթե նրանք մինչև դատվածության մարումը կամ վերացումը նորից դիտավորյալ հանցագործություն են կատարել, կարող է ներում շնորհվել միայն բացառիկ դեպքերում։

Դատապարտյալների ներման խնդրագրերը պատիժը կրելու վայրի կամ պատժի ի կատար ածումը տնօրինող մարմնի վարչակազմի միջոցով երկշաբաթյա ժամկետում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը՝ կից ներկայացնելով դատարանների որոշումների ու դատավճիռների պատճենները, դատապարտյալների աշխատանքի և վարքի մասին բնութագրերը, ինչպես նաև ներում շնորհելու հարցի քննարկման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր ու տվյալներ։

Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ նյութերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին։ Վերջիններս ոչ ուշ, քան դրանք ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահին են ներկայացնում եզրակացություններ՝ նշելով հանցագործության կատարման հանգամանքները, դրա առաջացրած հետևանքները, դատապարտյալի անձի մասին տվյալները և իրենց առաջարկությունները յուրաքանչյուր խնդրագրի վերաբերյալ։

Անհրաժեշտության դեպքում դատապարտյալների ներման խնդրագրերի վերաբերյալ նյութերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ մեկամսյա ժամկետում եզրակացություն տալու, կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հարցմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդ կարծիք ներկայացնելու համար։

Ներման խնդրագրերը, նախքան Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացնելը, նախապես քննարկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովում (այսուհետ՝ հանձնաժողով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել