Վարչապետի դժգոհությունից մինչև Էլեկտրոնային նոտար. նոտարիատի բարեփոխումների ընթացքը

Համատարած կաշառակերություն և համատարած դժգոհություն. 2011 թվականին Կառավարության նիստի ժամանակ այս բնորոշում էր տվել վարչապետ Տիգրան Սարգսյանը նոտարների աշխատանքի վերաբերյալ:

«Համատարած կաշառակերություն` գործառույթների կիրառման առումով, ընդ որում քաղաքացիներին տեղյակ չեն պահում, թե իրականում ինչ վճարներ պետք է իրականացնի քաղաքացին: Միանգամից գումարը վերցնում են, և պարզվում է, որ այդ գումարը 2-3 անգամ գերազանցում է մեր կողմից սահմանված սակագները»,- Կառավարության նիստում 2011 թվականին ասել էր վարչապետ Տիգրան Սարգսյանն ու առաջարկել վերանայել նոտարական գործողությունների սակագներն ու վերացնել սանդղակները:

…Նոտարական գործարքների գաղտնիության սկզբունքի և օրենքով սահմանված ընթացակարգային պահաջների անտեսում, նոտարական գրասենյակների պատերին փակցված տեղեկությունների անմատչելիություն, մեքենագրուհիների կողմից իրենց լիազորությունների գերազանցում, հարկային պարտականությունների չկատարում, հաստատված սակագների և քաղաքացիների մուծած գումարի չափի անհամապատասխանություն, կանխիկ վճարումների առկայություն: Սրանք այն հիմնական խնդիրներն էին, որոնք արձանագրել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2011 թվականին «ՀՀ նոտարական գրասենյակների և ՔԿԱԳ տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում իրականացրած մոնիթորինգի արդյունքներում:

2011 թվականին նոտարիատի ոլորտի բարեփոխումները նոր թափ հավաքեցին: Առաջնայինն Արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի լուծարումն էր: Բաժինը զբաղվում էր ոլորտին վերաբերող բոլոր հարցերով, սակայն Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանի կարծիքով, կոռուպցիոն ռիսկներ պարունակելու տեսանկյունից առաջացնում էր խնդիրներ: Նոտարիատի բաժնի լուծարումից հետո բաժնի գործառույթները վերաբաշխվել է Արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչությանը և Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությանը. առաջինը զբաղվում է օրենսդրության և քաղաքականության մշակմամբ, երկրորդը՝ վերահսկողությամբ:

Նոտարական գրասենյակներում 2011 թվականին ՀԵԻԱ-յի իրականացրած մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մարզերում քաղաքացիները բողոքում էին նոտարների սակավությունից ու առաջարկել էին ավելացնել նոտարների թիվը: 2011 թվականին Հայաստանում աշխատում էր 75 նոտար: Թվի ավելացման պահանջարկ կար, բայց նոտար դառնալու չափանիշները բավականին խիստ էին և խնդիր էր առաջացնում այն, որ նոտար դառնալու համար որակավորման քննություններին կարող էր մասնակցել բացառապես նոտարի մոտ ստաժավորում անցած անձը, իսկ ստաժոր վերցնել, թե՝ ոչ, նոտարի իրավունքն է, ոչ թե պարտականությունը: Այստեղից խնդիր էր առաջանում և ստացվում էր, որ պետությունը կախվածության մեջ է նոտարից՝ նա կունենա՞ր քննությանը մասնակցող թեկնածու, թե` ոչ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյան

«Նախկինում նոտար նշանակվելու դեպքում անձը պարտավոր էր անցնել ստաժավորում, ինչը, ընդհանուր առմամբ, ընդունված պրակտիկա է, բայց ստաժավորման նշանակելու և անցնելու կարգը սահմանված չլինելն առաջացրել էր զգալի կոռուպցիոն ռիսկ: Դրա հետ կապված որոշեցինք որոշակի ազատականացնել ոլորտն առնվազն եթե ոչ մշտապես, ապա գոնե ժամանակավոր, և սահմանվեց, որ համապատասխան աշխատանքային ստաժ, գիտական աստիճան ունեցող անձինք կարող են հանձնել քննությունները, և եթե նրանք ստաժավորում անցած չլինեն, ապա նրանց համար ստաժավորումը կկազմակերպվի պոստ ֆակտում: Այս փոփոխությունների արդյունքում հնարավորություն եղավ խուսափել ստաժավորում անցնելու քննադատությունից»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Արամ Օրբելյանն ու հավելեց, որ փորձը ցույց է տվել, որ քննությունների ժամանակ ավելի շատ հնարավորություններ ունեն այն անձինք, ովքեր անցել են ստաժավորում, գիտեն իրավունքի կիրառումը` որպես նոտար: Փոխնախարարի խոսքով՝ «Նոտարիատի համակարգի զարգացման հայեցակարգով», որը շուտով նախատեսում է ներկայացնել Կառավարության հաստատմանը, նախատեսվում է վերականգնել ստաժավորումը, բայց այլ մոդելով:

Օրենքի փոփոխության արդյունք է նաև այն, որ 2013 թվականի նեյեմբերի 18-ի դրությամբ ՀՀ-ում գործում է 94 նոտար:

Ոլորտի բարեփոխումներից է նաև այն, որ Հայաստանի Կառավարության 2011թ-ի մայիսի 26-ի որոշմամբ հաստատվել են նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները, որի արդյունքում ավելի է հստակեցվել նոտարի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը, իսկ որոշ դեպքերում նեղացվել է սակագների ընտրանքի շրջանակը:

«Նախատեսվում է առաջիկայում վերացնել նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագների սանդղակները: Հայեցակարգով նախատեսվում է նոտարների վճարների հաշվարկման այլընտրանքային մոդել, որը քննարկվող հարցերից մեկն է. երկու տարբեր մոդել է նախատեսում, բայց երկու դեպքում էլ հստակ կֆիքսվեն գները: Մի դեպքում գույքային գնահատում կամ արժեք ունեցող գործարքների դեպքում կլինի տոկոսադրույք (ունենալու է, իհարկե, նվազագույն և առավելագույն շեմը) կամ կլինի ֆիքսված գումար այն գործողությունների համար, որոնք ֆինանսական գնահատական չեն կարող ստանալ»,- ասաց Արամ Օրբելյանը:

2004 թվականին Հայաստանի Հանրապետության նոտարական պալատը Լատինական նոտարիատի միջազգային միության անդամ է: Լատինական նոտարիատը նոտարական գործունեության կազմակերպման համակարգ է, որի պարագայում նոտարները հանդիսանում են պետության անունից գործող հանրային ծառայություններ իրականացնող անձինք: Լատինական նոտարիատի անդամ երկրների թիվը հասնում է 90-ի: Հայաստանի նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլայանի խոսքով՝ Լատինական նոտարիատի անդամ երկրների մեծ մասում նոտարը բացարձակ պատասխանատվություն է կրում իր կնքած գործարքի համար:

Հակառակ Լատինական նոտարիատի միջազգային միությանն անդամակցությանը՝ Հայաստանում նոտարը Քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում միայն իր կողմից դիտավորությամբ թույլ տրված խախտումների հետևանքով նոտարական գործողությունների համար դիմած անձանց պատճառված վնասի համար:

«Նախարարության մոտեցումն այն է, որ նոտարը պետք է կրի լրիվ նյութական պատասխանատվություն ցանկացած սխալի համար: Եթե նոտարը ինչ -որ բան չի նայել, չի ուսումնասիրել, ենթադրել է, որ ճիշտ է, նույնիսկ, եթե չի էլ մտածել, որ խախտում կլինի, ապա լատինական նոտարիատի սկզբունքներով և հայեցակարգով պետք է կրի լրիվ նյութական պատասխանատվություն` անկախ դիտավորության առկայությունից ու բացակայությունից»,- նշեց Արամ Օրբելյանը:

2011 թվականի հունիսից մինչև 2013 թվականի նոյմբերն ընկած ժամանակահատվածում կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 17 նոտար, այդ թվում` Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայցադիմումի հիման վրա Վարչական դատարանի վճռով աշխատանքից ազատվել է նոտար Ալվարդ Մելքոնյանը:

Հակառակ կարգապահական պատասխանատվության ենթարկվածների թվին՝ թե՛ Արդարադատության փոխնախարարը, թե՛ Նոտարական պալատի նախագահը նոտարների հետ միայն պատժելու գործիքով աշխատելը ցանկալի չեն համարում. բացատրական աշխատանքները, դասընթացներն ու սեմինարները շատ կարևոր են: Դրանք վերջին ժամա նակներս Մամիկոն Ասլանյանի խոսքով հաճախակի են դարձել: Իսկ ինչ վերաբերում է նոտարական գրասենյակներում առկա կուտակումներին, հերթերին, Նոտարական պալատի նախագահի խոսքով՝ նոտարների թվի ավելացումը, ժառանգության գործերի ապակենտրոնացումը նոտարական գրասենյակներում հերթերը գրեթե վերացել են: Նոտարական պալատի պաշտոնական կայքի գործարկումից հետո կայքում զետեղվել է Հայաստանում գործող բոլոր նոտարական գրասենյակների հասցեները, տպագրվել և բոլոր գրասենյակներում տեղադրվել են տեղեկատվական բնույթի բուկլետներ հանրապետությունում գործող բոլոր նոտարական գրասենյակների հասցեներով և հեռախոսահամարներով, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին հերթերի առկայության դեպքում այցելել այլ նոտարական գրասենյակ: 2012 թվականից Նոտարական պալատի շենքի բացումից հետո գործում է նաև նոտարական պալատի թեժ գիծը: Մինչև օրս այն սպասարկել է շուրջ 70 քաղաքացու. հիմնական հարցերն իրենց իրավունքներին են վերաբերել:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում կազմել է նոտարական գրասենյակներում իրականացված հետազոտության արդյունքների վերաբերյալ 2013 թվականի զեկույց:

Ու մինչև այն տպագրման փուլում է, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում մանրամասնեց 2013 թվականի մշտադիտարկման արդյունքները:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյան

«2011 թվականի Հայաստանի նոտարական տարածքներում իրականացրած մշտադիտարկման արդյունքների հետ համեմատած դեռ խնդիր է հաստատված սակագների և քաղաքացիների մուծած գումարի չափի անհամապատասխանությունը, Նոտարական ծառայությունների մեջ մտնող մեքենագրական ծառայությունների դիմաց մեքենագրուհիների կողմից քաղաքացիներից լրացուցիչ գումարների գանձումը, ինչպես նաև մեքենագրուհիների կողմից տեխնիկական այլ աշխատանքների դիմաց քաղաքացիներից գանձվող և նոտարական ծառայությունների վճարի մեջ չմտնող գումարների վերաբերյալ հավաստող ֆինանսական փաստաթղթերի չտրամադրումը»,- ասաց Կարեն Զադոյանը:

Նրա խոսքով՝ դիտորդները, ինչպես նախորդ մշտադիտարկման ժամանակ, այնպես էլ հիմա, արձանագրել են նաև նոտարների կողմից սահմանված աշխատանքային ռեժիմի մի շարք խախտումներ: «Այս տեսանկյունից, նոտարի գրասենյակից բացակայության դեպքում, անհրաժեշտ է ապահովել նոտարի օգնականի և/կամ ստաժորի ներկայությունը գրասենյակում` քաղաքացիների ընդունելության և գործարքների ու իրավաբանական բովանդակություն ունեցող այլ փաստաթղթերի նախագծերի կազմման նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար, որպեսզի քաղաքացին ստիպված չլինի անհարկի սպասել»,- նշեց ՀԵԻԱ-ի նախագահը:

Նոտարական գրասենյակներում 2013 թվականի մշտադիտարկման արդյունքներով` գրանցվել է առաջընթաց նոտարական տարածքների գրասենյակների վերանորոգման հարցում, սակայն որոշ գրասենյակներ դեռ բարեկարգման կարիք ունեն: Ինչպես նախկինում, այս փուլում նույնպես չլուծված է մնում նոտարական տարածքները սահմանափակ հնարավորություններով մարդկանց (հաշմանդամների) համար հարմարեցնելու հարցը:

«Ընդհանուր առմամբ սակագների պաստառների և ցուցանակների հետ առնչվող խնդիրները, որոնք առկա էին նախորդ հետազոտությունների ժամանակ, կարելի է լուծված համարել: Պատահական չէ, որ եթե մոնիթորինգի նախորդ փուլում հարցվածների 69%-ը նշել է, որ տեղեկացված չէ օրենքով սահմանված տուրքի չափերի մասին, ապա հիմա այդպիսիք միայն 39% են կազմել»,- նշված է 2013 թվականի նոտարական գրասենյակներում իրականացված հետազոտության արդյունքների վերաբերյալ վերլուծության մեջ:

ՀՀ նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյան

«Եթե անկախ մարմնի կողմից է իրականացվում մոնիթորինգը, որը կողմնապահություն չունի և իրականացնում է իր առջև դրված կոնկրետ խնդիրները, դա միշտ տալիս է հաճախ ոչ ցանկալի, բայց ռացիոնալ պատկերը: Եթե քննադատությունն առողջ է, ապա դրա առջև ոչինչ չես կարող անել. ո՛չ արդարանալու է, ո՛չ անմեղանալու, ուղղակի պետք է աշխատել գտնել խնդիրների լուծման տարբերակները»,- նոտարական գրասենյակներում ՀԵԻԱ-յի իրականացրած մշտադիտարկման մասին է Իրավաբան.net-ին ասաց Մամիկոն Ասլանյանը: Կարեն Զադոյանն էլ իր հերթին հիշեցնում է, որ իրենց խնդիրը մշտադիտարկման արդյունքում ոչ թե նոտարների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու հիմք տալն է թույլ տված սխալների համար, այլ ընթացակարային և համակարգային խնդիրները վեր հանելն է և դրանց լուծման տարբերակներ առաջարկելը:

2013 թվականի զեկույցում ևս ՀԵԻԱ-ն նոտարիատի ոլորտի բարեփոխման համար մի շարք առաջարկություններ են ներկայացվել, այդ թվում առաջարկվել է հստակեցնել ՀՀ Արդարադատության նախարարության և ՀՀ Նոտարական պալատի կողմից կարգապահական վարույթի հարուցման ընթացակարգերը, վարույթի հարուցման դեպքում ՀՀ Արդարադատության նախարարության և Նոտարական պալատի իրավասությունները, ինչպես նաև երկու մարմիններին հնարավորություն ընձեռել կարգապահական պատասխանատվության ենթարկելու նոտարին, այսինքն` Նոտարական պալատն օրենսդրությամբ օժտված լինի ավելի լայն իրավասություններով, քան իրականում է օժտված:

Հայտնենք նաև, որ Լատինական նոտարիատի համակարգը ենթադրում է նաև պետության կողմից նոտարների վերահսկողություն: «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով նոտարի իրականացրած նոտարական կամ այլ գործողությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Արդարադատության նախարարությունը՝ նախարարի սահմանած կարգով: Նոտարի մոտ ստուգումներ կատարելուց առաջ այդ մասին նախօրոք հայտնվում է նոտարական պալատ, որի ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցել ստուգումներին, ընդ որում նոտարի մոտ ստուգումներն իրականացվում են արդարադատության նախարարի կամ նոտարական պալատի նախաձեռնությամբ:

Հայաստանի նոտարական գրասենյակներում 2013 թվականին իրականացված հետազոտության արդյունքների վերլուծությունը շուտով կներկայացվի հանրությանը: Մի բան արդեն պարզ է՝ հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվածների բավարարվածությունն իրենց տրամադրված նոտարական ծառայություններից կտրուկ աճել է: Ընդամենը հարցվածների 1%-ն է դժգոհել նոտարի ծառայություններից (մոնիթորինգի նախորդ փուլում այդպիսիք 13% էին կազմում):

Արարադատության փոխնախարարի բնորոշմամբ՝ դեռ անհրաժեշտություն կա հասարակության մոտ նոտարի ընկալման փոփոխության, քանի որ այս պահին նոտարը շարունակվում է ընկալվել որպես պետական պաշտոնյա:

Արամ Օրբելյանի խոսքով՝ շուտով տեղի կունենա նաև Էլեկտրոնային նոտարի առանձին շնորհանդեսը: «Էլեկտոնային նոտարն առաջնահերթ նոտարի գրասենյակի կառավարման գործիք է: Դրա նպատակը նոտարի գրասենյակի ներքին կառավարումն է, ներքին փաստաթղթաշրջանառությունը, պայմանագրերի պատրաստումը, գրանցամատյանների ավտոմատացված վարումը»,- ասաց փոխնախարարը:

Այս պահին կադաստրի հետ չի լինի ավտոմատացված եղանակով տվյալների ստացում, բայց կլինի էլեկտրոնային: Նոտարն էլեկտրոնային հարցումը կուղարկի, կստանա միասնական տեղեկանք: Նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգով նախատեսվում է, որ Էլեկտրոնային նոտարը կունենա ամբողջական կապ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, անշարժ գույքի և շարժական գույքի պետական ռեգիստրի, ոստիկանության կողմից վարվող գրանցամատյանների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից վարվող գրանցամատյանների հետ:

Էլեկտրոնային նոտարի համակարգում կլինեն նաև մի քանի այլ սեփական գրանցամատյաններ. կտակների ռեսստրը, որ ամբողջությամբ փակ լինի և հնարավոր կլինի տեղեկություն ստանալ միայն անձի մահվան էլեկտրոնային վկայականի առկայության դեպքում կամ այն նոտարը կկարողանա տեսնել, որը կազմել է այդ կտակը, լիազորագրերի էլեկտրոնային գրանցամատյան, որը հնարավություն կտա անձին տեսնել այդ լիազորագիրն արդյոք տրվել է նոտարի կողմից, թե` ոչ և ներքին ակտերի բազա:

Էլեկտրոնային նոտարի համակարգի ամենամեծ առավելությունը «մեկ պատուհանի կանգառի» ներդրումն է լինելու նոտարիատի բնագավառում: Համակարգն ամբողջական գործարկելուց հետո, անձը նույն նոտարական գրասենյակ ամենաշատը երկու այցելությամբ հնարավություն կստանա ավարտել իր գործարքը:

Այս պահին 10 նոտարական գրասենյակում թեստավորվում է էլեկտրոնային նոտարի համակարգը, որպեսզի հնարավոր լինի մեծ խնդիրները վեր հանել: Արամ Օրբելյանի խոսքով՝ 2014 թվականի առաջին եռամսյակում Էլեկտրոնային նոտարն ամբողջությամբ գործարկվելու է ողջ Հայաստանում: Ընդ որում՝ Էլեկտրոնային նոտարը հին արխիվների թվայմացում չի ենթադրում: Թվայնացվելու է միայն կտակի մասին տվյալները, սակայն այս պահին դրա թվայնացված չլինելը չի խոչընդոտում համակարգի կիրառմանը: Դա կթվայնացվի համակարգի կիրառմանը զուգահեռ:

Եթե նոտարն այսօր նոտարական ծառայության մատուցումից կամ գործարքից հետո տալիս է փաստաթուղթ, ապա փոխնախարարի խոսքով, 2014 թվականի վերջին հնարավոր կլինի յուրաքանչյուր փաստաթղթի ներքևում ունենալ թվեր՝ փաստաթղթի կոդը և համար: Փաստաթղթի ինքնությունը ստուգելու համար անձը կմտնի համապատասխան կայք, կհավաքի թվերը և հնարավորություն կունենա ստուգելու՝ կա նման փաստաթուղթ, տված է նոտարի կողմից, թե՝ ոչ, և արդյոք այդ փաստաթուղթը դեռ ուժի մեջ է: Արամ Օրբելյանի փոխանցմամբ՝ փոփոխությունը հնարավորություն կտա բացառել կեղծ փաստաթղթերի շրջանառությունը:

Նշենք, որ Էլեկտրոնային նոտարն արժեցել է ավելի քան 266.000 եվրո և իրականացվել է ԵՄ-ԵԽ-ՀՀ համատեղ ծրագրի ֆինանսավորման շրջանակներում, իսկ թե որքան արդյունավետ կլինի Էլեկտրոնային նոտարի համակարգը Հայաստանում, լավագույն պատասխանը կտան ժամանակն ու ոլորտում իրականացվելիք մշտադիտարկումները:

Նոտարական պալատի նախագահի խոսքով` մի բան միանշանակ է`նոտարական համակարգում կոռուպցիա չկա: Եթե անգամ մի նոտար փորձի նման քայլի գնալ ու ավելի գումար վերցնել, ապա դա միայն նրա անձի որակի մասին կխոսի, ոչ թե համակարգի: «Նոտարիատում համակարգային կոռուպցիան բացառվում է»,- վստահեցնում է Մամիկոն Ասլանյանը:

Նունե Հովսեփյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել