Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում քննվում է Մհեր Կոկորյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով առաջադրված գործը: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ դատախազության մեղադրանքի` Մհեր Հենրիկի Կոկորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 7-ին ժամը 23:00-ի սահմաններում իր` Հրազդան քաղաքի բնակարանում վիճաբանել է ընտանիքի անդամների հետ և վերջիններիս դուրս է հանել բնակարանից: Դրանից հետո նրա մայրը` Նեկտար Մարգարյանը, զանգահարել է ոստիկանության Հրազդանի բաժին և տեղեկացրել կատարվածի մասին:
Ահազանգի հիման վրա ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` ոստիկանության տեղամասային տեսուչ, ոստիականության մայոր Արթուր Պետրոսյանի, տեղամասային տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Վոլոդյա Բաբայանի կազմով և տեղամասային տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Բագրատյանի գլխավորությամբ մեկնել են Հրազդան, որտեղ` շենքի բակում, հանդիպելով հասարակական կարգը խախտած Մհեր Կոկորյանին, որը շենքի բակում շարունակել է վիճաբանել մոր հետ, կատարելով իրենց ծառայողական պարտականությունները, փորձել են կարգի հրավիրել վերջինիս, սակայն Մհեր Կոկորյանը չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և օպերատիվ խմբի անդամներ` ոստիկանության Հրազդանի բաժնի ավագ տեղամասային տեսուչ Արթուր Սերգեյի Պետրոսյանի և տեղամասային տեսուչ` Վոլոդյա Վաչագանի Բաբայանի նկատմամբ և կյանքի ու ամբողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` պոկել է վերջիններիս ուսադիրները:
Մհեր Կոկորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Գործի դատաքննությունը շարունակվում է:
Տեղեկացնենք, որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի` 300.000-500.000 դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: