Նախագահի նստավայրում նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակի հանձնման արարողությունը:
Ի պատիվ մրցանակի արժանացած՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոյի և նրա տիկնոջ՝ Կումիկո Մակիմոտոյի, հրավիրված ընդունելությանը Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է մրցանակակրի ընտրման ընթացակարգը, նախորդ տարիներին մրցանակի արժանացածներին, ինչպես նաև ՏՏ ոլորտում Հայաստանի մրցակցային առավելությունները՝ վստահություն հայտնելով, որ տարիներ անց կարձանագրվի, որ այս մրցանակաբաշխության արդյունքում համաշխարհային տեխնոլոգիական գիտակրթական և բիզնես միջավայրի ամենալուսավոր ու հեղինակավոր մարդիկ, դառնալով մրցանակակիր, կգան Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիական ժամանակակից մշակույթ և ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության ճանաչողությունն ու վարկանիշը՝ որպես գիտելիքին և ինտելեկտին ապավինող երկիր: Հայաստանի մրցակցային առավելությունները, Հովիկ Մուսայելյանի խոսքով, սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ, և Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար:
Իր խոսքում մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահը մեջբերել է նաև 2011թ. ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած հանրահռչակ Սթիվ Վոզնյակի խոսքերը. «Չկա Նոբելյան մրցանակ ՏՏ ոլորտում, բայց այս մրցանակն ինձ համար հավասար է Նոբելյանին, այն ստանում եմ Հայաստանի Նախագահից և հպարտ եմ դրա համար»:
Հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանն ընդունելության մասնակիցներին համառոտ ներկայացրել է մրցանակի արժանացած Ցուգիո Մակիմոտոյի կենսագրությունը:
Ընդունելությանը մասնակցող Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադան երախտագիտություն է հայտնել ՏՏ ոլորտում նշանակալի հաջողությունների հասած իր հայրենակցի՝ աշխարհահռչակ Ցուգիո Մակիմոտոյի վաստակը Հայաստանի կողմից գնահատելու և նման բարձր մակարդակով մրցանակի արժանացնելու համար, ինչը, նրա համոզմամբ, վկայում է հայ-ճապոնական դինամիկ զարգացող ամուր բարեկամական հարաբերությունների մասին:
Մրցանակի հանձնման առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
Մրցանակակիր Ցուգիո Մակիմոտոն իր շնորհակալական խոսքում երախտագիտություն է հայտնել ՏՏ ոլորտի ամենահեղինակավոր մրցանակներից մեկին արժանանալու կապակցությամբ, ներկայացրել իր գործունեությունը և խոսել աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների մասին:
Իրավաբան.net