Մենք այս պահին ճիշտ չենք համարում առանձին կամ զուգահեռ գործընթաց սկսել, քանի որ արդեն կա ձևավորված հակազդեցության օջախ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։
– Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը։
-Ես կարող եմ խոսել ՀՅԴ-ի և «Հայաստան» խմբակցության անունից։ Դաշնակցությունն իր կառույցով և բոլոր ռեսուրսներով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել Տավուշը հանուն հայրենիքի շարժման կողքին, ներկա է եղել Տավուշում և գործնական աջակցություն ցուցաբերել ձևավորված Շարժմանը։ Ողջ ընթացքում Տավուշում են եղել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Այս թեմայով աշխատանքներ են իրականացվել նաև ԱԺ-ում և միջազգային հարթակներում։
– Ինչո՞ւ քաղաքական ուժերը չեն ստանձնում առաջնորդություն։
-Տավուշում արդեն կա ձևավորված Շարժում։ Այն ունի բնականորեն ձևավորված հստակ առաջնորդություն՝ ի դեմս Բագրատ Սրբազանի, ով անգնահատելի և պատմական առաքելության է իրականացնում։
– Ինչո՞ւ զուգահեռ այլ գործընթաց չի նախաձեռնվում:
-Մենք այս պահին ճիշտ չենք համարում առանձին կամ զուգահեռ գործընթաց սկսել, քանի որ արդեն կա ձևավորված հակազդեցության օջախ և մենք կարծում ենք, որ պետք է ամեն ինչով աջակցել այդ գործընթացին և այն դարձնել համահայաստանյան ու համահայկական։
-Ինչո՞ւ տարբեր ուժեր չեն միանում այս պայքարին:
– Ինձ համար անհասկանալի են բոլոր այն ուժերը և անհատները, ովքեր տարբեր քաղաքական հաշվարկներով պայմանավորված անգործունեություն կամ պասիվություն են ցուցաբերում. կա սրբազան պայքար, պետք է կանգնել այդ պայքարի կողքին։
– Ինչո՞ւ հենց հիմա չի նախաձեռնվում իմպիչմենտի գործընթաց:
-Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը։ Սակայն ժամանակից շուտ այդ գործընթացի նախաձեռնումը և այն երաշխավորված տապալման տանելը մենք անթույլատրելի ենք համարում։ Մենք կգնանք այդ գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար։ Ուստի առաջիկայում բոլորիս քայլերը պետք է ուղղված լինեն այդ ուժի կուտակմանը»,-նշել է նա։