«Գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, առաջիկայում դատարան ուղարկված կտորներ կունենանք»․ Աննա Վարդապետյանը՝ «Մարտի 1»-ի գործի մասին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան ասաց, որ «Մարտի 1»-ը ծավալուն վարույթ է, և չի հասցրել վարույթի հետ ծանոթանալ․ «Մենք տարվա ընթացքում վարույթի հետ շատ ինտենսիվ  աշխատել ենք և երեք կարևոր քայլ ունենք վարույթի շրջանակներում իրականացրած։ Գիտեք, որ բոլոր այն պաշտոնատար անձանց պաշտոնները, ովքեր վաղեմության ժամկետն անցնելու հիմքով հետապնդումները դադարեցվել էր, բայց ըստ էության դրանք ոչ արդարացնող հիմքեր են։ Կցանկանայի նշել, որ Վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի բողոքի հիման վրա դիմել է ՍԴ։ Ինչ հարց ենք խնդրել Վճռաբեկ դատարանին քննարկել՝ արդյո՞ք դատավարական հնարավորություն կտրվի վարույթն իրականացնող մարմնին՝ որակումը փոխելու, նախկին որակավորումը, որը ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական, մեզ թույլ չի տալիս, որպեսզի մենք այլ հոդվածով արարքը վերաորակենք»։

Վարդապետյանը հավելեց, որ այն անձանց մասով, ովքեր մինչդատական վարույթում են, վերաորակումը տեղի է ունեցել, բայց դատական քննության փուլում այդ գործիքակազմը չկա՝ իրենք խնդրում են Վճռաբեկ դատարանի միջոցով ՍԴ-ին, որովհետև Գլխավոր դատախազի դիմումը Վճռաբեկ դատարանին, ՍԴ-ն քննության չառավ, ասելով, որ ինքը սուբյեկտ չէ, չի կարող բողոքարկել։ Հիմա սպասում են՝ թե ինչ դիրքորոշում կհայտնի ՍԴ-ն՝ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա, որպեսզի հասկանան՝ կարո՞ղ են երեք նախկին պաշտոնատար անձի հետ կապված արարքը վերաորակել, սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունը բերել պաշտոնեական հանցագործությունների տիրույթ․

«Կցանկանամ նշել, որ վարույթից անջատվել և 2023 թվականի օգոստոսի 12-ի մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել քննչական խմբի քննիչի կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քննված վարույթը, այս պահին գտնվում է դատարանում, քննության փուլում է։ Ուղարկվել է դատարան, որովհետև անձը չի համաձայնվել ոչ արդարացնող հիմքով հետապնդման դադարեցմանը և երրորդ խումբը գործողությունների, որոնք այս մեկ տարվա ընթացքում հասցրել ենք իրականացնել, շուրջ երեսուն քրեական գործով կայացված մեղադրական դատական ակտերը բեկանվել են, սրանք վերաբերում են «Մարտի 1»-ին մասնակցած անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումներին, կայացվել են արդարացման դատական ակտեր և մեկ մասնակի արդարացում՝ մեկ անձի վերաբերյալ»։

Նա հավելեց, որ այս 30 գործերից տասնվեցով բողոքը ներկայացված է եղել Գլխավոր դատախազության կողմից։ Նշեց նաև, որ սա «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» և այս խմբի այլ որոշումներով հրապարակումից հետո էր, երբ «Մարտի 1»-ի իրադարձություններին առնչություն ունեցած և դատապարտված անձանց կամ նրանց պաշտպանների կողմից բողոքարկվել են «Մարտի 1»-ի իրադարձություններին վերաբերող օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտերը և Վերաքննիչ, Վճռաբեկ դատարանի կողմից կայացվել են արդարացման դատական ակտեր։

Վարդապետյանի խոսքով՝ գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, առաջիկայում դատարան ուղարկված կտորներ կունենան, նաև վարույթից անջատված, քանի որ այն շատ ծանրաբեռնված էր այլ տեսակի վարույթներով, իսկ նման վարույթները նախաքննության ընթացքում դժվար է քննել, դրա համար խոշտանգումների մասն էլ առանձնացվել է ինքնուրույն վարույթով և հանձնվել այն նախաքննական մարմնին, որն ավելի մասնագիտացված է տվյալ խոշտանգման դեպքերը քննելու համար․ ««Մարտի 1»-ով այսքանը, որ կցանկանայի նշել, շատ կարճ, որ հասցրել ենք մեկ տարվա ընթացքում իրականացնել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել