Ի՞նչ միջոցներից է ֆինանսավորվում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը

Հայտնի է, որ հաճախորդների դիմումները Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից քննվում են հաճախորրդի համար անվճար: Այդ դեպքում հարց է ծագում, թե ի՞նչ միջոցներից է ֆինանսավորվում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ֆինանսավորումն իրականացնում են Կազմակերպությունները՝ Գրասենյակի օգտին կատարվող պարտադիր վճարների միջոցով, որոնք մուտքագրվում են հատուկ այդ նպատակով Կենտրոնական բանկում վարվող հատուկ հաշվին:

Պարտադիր վճարները Կազմակերպությունները կատարում են յուրաքանչյուր եռամսյակ` հավասար չափաբաժիններով, մինչև ընթացիկ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: Կատարված պարտադիր վճարները Կազմակերպությունների համար համարվում են ծախս և ենթակա չեն վերադարձման:

Կազմակերպությունների` Գրասենյակին կատարած պարտադիր վճարների հանրագումարը հաստատված բյուջեն գերազանցելու դեպքում Խորհուրդը կարող է որոշում կայացնել և Կազմակերպություններին վերադարձնել ավել վճարված գումարները, կամ Գրասենյակի զարգացման, ինչպես նաև հաճախորդներին կրթելու նպատակով ծախսել դրանք կամ ուղղել պահուստային հիմնադրամի համալրմանը:

Եթե Կազմակերպությունների կողմից կատարվող պարտադիր վճարները չեն բավականացնում Գրասենյակի հաստատված բյուջեն կատարելու համար, ապա Կազմակերպությունները կատարում են լրացուցիչ վճարներ: Լրացուցիչ վճարներ կատարելու մասին որոշումը կայացնում է Խորհուրդը: Կազմակերպությունները լրացուցիչ վճարներ են կատարում լրացուցիչ վճարներ կատարելու մասին Խորհրդի որոշման ընդունմանը նախորդող եռամսյակի ընթացքում կատարված պարտադիր վճարների հանրագումարում իրենց մասնաբաժնին համամասնորեն: Կազմակերպության կողմից կատարվող լրացուցիչ վճարների չափը չի կարող գերազանցել տվյալ Կազմակերպության համար սույն օրենքով սահմանված տարեկան պարտադիր վճարի չափը:

Պարտադիր վճարների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը:

Պարտադիր վճարների հաշվարկման ճշտությունը ստուգում է Գրասենյակի վերստուգիչ հանձնաժողովը կամ վերստուգիչը:

Կենտրոնական բանկը պարտավոր է Գրասենյակին տրամադրել Կազմակերպությունների կողմից կատարվող վճարների ճշտությունը ստուգելու համար անհրաժեշտ տեղեկատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել