Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր

Այսօր բռնարարները կրկնում են իրենց անօրինական և անմարդկային գործողությունները, քանի որ մեկ դար առաջ էթնիկ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն, ըստ էության, անպատիժ է մնացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան Սենատում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողության ժամանակ այս մասին հայտարարել է սենատոր Էնթոնի Ջ. Պորտանտինոն:

«Պատիվ ունեմ միանալու իմ գործընկերներին՝ Սենատում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը, վերահաստատելու մեր հանձնառությունը, որ Կալիֆոռնիան կշարունակի ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Ցեղասպանության ճանաչումն առավել քան երբևէ կարևոր է, քանի որ արցախահայությունը աներևակայելի սարսափ է ապրել՝ ներառյալ պատերազմը, անօրինական շրջափակումը և էթնիկ զտումները: Եվ հազարավոր տարիների ընթացքում առաջին անգամ Արցախը մնում է առանց իր բնիկ հայ ժողովրդի»,- նշել է նա։

Էնթոնի Ջ. Պորտանտինոն ընդգծել է, որ այսօր բռնարարները կրկնում են իրենց անօրինական և անմարդկային գործողությունները, քանի որ մեկ դար առաջ էթնիկ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն, ըստ էության, անպատիժ է մնացել:

«Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են իրենց ագրեսիան հայերի և Հայաստանի դեմ, հարձակվելով նրա սահմանների վրա և պարբերաբար հնչեցնելով ցեղասպանական հռետորաբանություն: Կասկած չկա, որ ԱՄՆ կառավարությունը պետք է ընդլայնի օգնությունը Արցախի բռնի տեղահանված հայերին, և նա պետք է անի ավելին ՝ պատասխանատվության ենթարկելու համար նրանց, ովքեր նման բռնություններ են գործադրում խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Մենք բարոյական պարտավորություն ունենք ոչ միայն դատապարտելու բոլոր ցեղասպանություններն ու մարդու իրավունքների խախտման դեպքերը, այլև շարունակելու արդարություն պահանջել, քանի որ առանց արդարության խաղաղություն չի լինի։ Կալիֆոռնիան ամենամեծ հայ բնակչությունն ունի ԱՄՆ-ում: Ինձ համար պատիվ է ներկայացնել այս կենսունակ համայնքը և համերաշխ լինել բոլոր նրանց հետ, ովքեր մեր համայնքը դարձնում են ավելի լավը և շարունակում են պաշտպանել արդարությունը»,- իր խոսքը եզրափակել է սենատոր Էնթոնի Ջ. Պորտանտինոն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել