Ուղիղ մեկ տարի առաջ Ալիևը հրապարակայնորեն հայտարարել է, որ «Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»․ Արտակ Բեգլարյան

Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ որոշման դեմ հանրային բողոքը հիմնավոր է, իսկ պայքարի մեթոդները՝ իրավաչափ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օկուպացված Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Նույնիսկ եթե սահմանազատման ու սահմանագծման հարցում հիշխանությունները հիմք են վերցնում Ալմա Աթայի փաստաթուղթն ու խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները, ապա այդ դեպքում նույնպես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա բոլոր հիմնախնդիրները պետք է լուծում ստանան համապարփակ ու փաթեթային կերպով: Առնվազն շրջանակային համաձայնագիր է պետք, որը կհասցեագրի բոլոր հակամարտային հարցերը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձը Հայրենիք:

Բռնապետ ու ցեղասպան Ալիևին և իր տերերին պետք է ոչ թե հակամարտության կարգավորումը, այլ՝ Հայաստանի ու հայերի նվաստացման ու մասնատման գործընթացը և այդ ընթացքում ստացած զիջումները Հայաստանից:

Մի՛ մոռացեք, ուղիղ մեկ տարի առաջ Ալիևը հրապարակայնորեն հայտարարել է, որ «Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»: Ի դե, հիշեցնեմ նաև, որ անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ այսօր տեղադրվեց առաջին սահմանագծման սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հուսամ՝ այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու հայ ժողովրդի համար, ինչ անցակետն է թողել»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել